Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե երկրում սիրիացի փախստականներ են հայտնվել, ավելին՝ Ադրբեջանում փախստականի կարգավիճակ ստացող անձանց թիվը աճել է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

«Ադրբեջանում փախստականների խնդիրն արդիական է արդեն 27 տարի՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ուզբեկստանից առաջին փախստականների ի հայտ գալուց ի վեր», - գրում է լրատվամիջոցը՝ շարունակելով. - «Նրանցից շատերը մինչ օրս բնակվում են կիսավեր հանրակացարաններում, որոնք սպառնում են մշտական բնակության վայր դառնալ այդ մարդկանց համար։ Եվ այդ ֆոնին առնվազն տարօրինակ են Պետական միգրացիոն ծառայության ղեկավարության հայտարարություններն այն մասին, թե աճել է այլ երկրներից ադրբեջանում փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների թիվը»։

«Այդ կարգավիճակը ստանալ ցանկացողներից շատերը դիմում են ադրբեջանին՝ բարեկեցիկ կյանքի և աշխատատեղ ունենալու ակնկալիքով», - պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչ Փարվիզ Մուսաևը։

Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք անտեսելով տեղացի փախստականների, մեղմ, ասած ոչ նախանձելի պայմանները, մանաթի արժեզրկումը, գնաճը, զանգվածային գործազրկությունը փորձում են հայտնվել Ադրբեջանում։ Այս հարցերը «Ազադլըղ»-ն ուղղել է փորձագետներին։

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասել է, որ փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների թվի աճ է արձանագրվում այն պատճառով, որ աշխարհում կան ավելի վատ պայմաններ, քան Ադրբեջանում է։ Դիմողները հիմնականում աֆղանստանցիներ են, պակիստանցիներ։

«Սակայն ադրբեջանում գործազրկության խնդիր կա: Բացի այդ էլ մեր սոցիալական ապահովության համակարգը թերի է, և չեմ կարծում, թե ադրբեջանական իշխանություններն ուրախ կլինեն ևս մի քանի հարյուր նոր մարդ ընդունել երկրում», - ասել է քաղաքագետն՝ ընդգծելով. - «Ադրբեջանը ո՛չ սովածների, ո՛չ գործազուրկների, ո՛չ էլ անտուն մարդկանց պակաս չի զգում»։

«Ադրբեջանական պետությունը միշտ էլ պատրաստ է փախստականներ ընդունելու», - հակադարձում է փորձագետ Ազեր Ալլախվերենովը. - «Թեև անգամ Սիրիայից և Իրաքից, որտեղից ավանդաբար փախչում են, փախստականներ Ադրբեջան քիչ են ժամանել, ընդամենը 3-4 ընտանիք»։

Վերջին տարիներին, ըստ փորձագետի, Իրաքից Ադրբեջան է ժամանել մոտ հարյուր մարդ։ Սակայն, կարճ ժամանակ անց, նրանք լքել են երկրի սահմանները։

Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին Ադրբեջանում օրինական կեցության իրավունք է տրվել 190 հոգու, 1260 օտարերկրյա քաղաքացու էլ հրամայվել է 48 ժամում լքել Ադրբեջանի տարածքը։

XS
SM
MD
LG