Մատչելիության հղումներ

Ռուսաստանում լոսյոն խմելու հետևանքով մահացածների թիվն աճում է


«Բոյարշնիկ» կոչվող լոսյոնը, արխիվ
«Բոյարշնիկ» կոչվող լոսյոնը, արխիվ

Ռուսաստանյան НТВ-ն, մեջբերելով ՌԴ վիճծառայության տվյալները, հաղորդել է, որ միայն այս տարվա ընթացքում «սուրոգատ» կոչվող խմիչքների օգտագործման հետևանքով Ռուսաստանում մոտ 7 հազար մարդ է մահացել:

Սիբիրում լոսյոն խմելու հետևանքով մահացածների թիվն աճում է: Արդեն պաշտոնապես հաղորդվել է 71 մահվան դեպքի մասին: ՌԴ Իրկուտսկի շրջանային առողջապահական համակարգի պաշտոնյաների տվյալներով, ևս 36 մարդ, այդ թվում՝ կանայք, գտնվում են հիվանդանոցներում:

Լոգանքի համար նախատեսված «Բոյարշնիկ» կոչվող լոսյոնից զանգվածային թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել է, որ օգտագործված լոսյոնը ոչ թե էթիլ սպիրտ է պարունակել, այլ՝ մեթանոլ, որի օգտագործումը ճակատագրական է եղել ալկոհոլի փոխարեն լոսյոն խմած մարդկանց համար: Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ լոսյոնը վաճառելու մեջ կասկածվող 12 մարդ է ձերբակալվել, Իրկուտսկի շրջանում այդ լուծույթն արտադրող անօրինական երկու հոսքագիծ է հայտնաբերվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կառավարությանը կարգադրել է մինչև 2017-ի հուլիսը խստացնել օծանելիքի, լոսյոնի, ալկոհոլ պարունակող տնային մաքրող նյութերի, ինչպես նաև մարդկանց և կենդանիների համար նախատեսված դեղորայքի արտադրությունն ու վաճառքը կարգավորող օրենսդրությունը: Ներկայումս Իրկուտսկում արգելված է ալկոհոլ պարունակող բոլոր տեսակի հեղուկների վաճառքը: Այդ արգելքն արդեն իսկ տարածվել է Իրկուտսկի ողջ տարածաշրջանի վրա:

Կենցաղային նշանակության տարբեր հեղուկներից, տնային պայմաններում պատրաստված խմիչքներից թունավորման դեպքերը Ռուսաստանում նորություն չեն: Ռուսական մամուլը հիշեցնում է, որ վերջերս զանգվածային թունավորման դեպք էր արձանագրվել նաև Կրասնոյարսկում: Խմելու համար ոչ պիտանի սպիրտ էր հայտնաբերվել անօրինականորեն արտադրված և վաճառված վիսկիում, ինչի հետևանքվ մի քանի օրվա ընթացքում 14 մարդ էր մահացել: Հետաքննությունը պարզել էր, որ ավտոտնակում արտադրված այդ վիսկին վաճառվել էր ինտերնետով, մեկ շիշը՝ 500 ռուբլիով:

Ողբերգական ավարտ էր ունեցել նաև Պենզայի մարզի բարերից մեկի սեփականատիրոջ ծննդյան տարեդարձի խնջույքը: Մանակիցները մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված էժան ռոմ էին խմել, որի հետևանքով չորս մարդ մահացել էր, 13-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Զանգվածային թունավորման՝ տասնյակ մահերի հանգեցրած ևս մեկ դեպք տեղի էր ունեցել 2005-ին, Մագադանում: Այն ժամանակ 34 մարդ էր մահացել: Ռուսական НТВ-ն, մեջբերելով Ռուսաստանի վիճծառայության տվյալները, հաղորդել է, որ միայն այս տարվա ընթացքում «սուրոգատ» կոչվող նման խմիչքների օգտագործման հետևանքով Ռուսաստանում մոտ 7 հազար մարդ է մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG