Մատչելիության հղումներ

Պեսկովի պնդմամբ, ՌԴ-ԱՄՆ շփումները սառեցված են, կամ հասցված նվազագույնի


Դմիտրի Պեսկով, արխիվ

Դմիտրի Պեսկով, արխիվ

Վաշինգտոնը համաձայն չէ այդ գնահատականին․ խնդիրներ կան, բայց երկու երկրների հարաբերությունները սառեցված չեն:

Ռուս-ամերիկյան հարաբերություններն այժմ սառեցված են կամ հասցված՝ նվազագույն մակարդակի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով, որ Մոսկվան Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից առավել կառուցողական քաղաքականություն է ակնկալում:

«Տրամաբանությունը հուշում է՝ եթե կա խնդիր, այն պետք է քննարկել: Մինչդեռ, ԱՄՆ-ի հետ հիմա գրեթե բոլոր մակարդակներով երկխոսությունը սառեցված է: Մենք չենք շփվում կամ նվազագույնի ենք հասցրել շփումները»,- մանրամասնել է Պեսկովը, միաժամանակ, ընդգծելով, որ Կրեմլը պատրանքներ չունի ու հապշտապ փոփոխություններ չի ակնկալում:

«Չենք կարծում, որ նրա [Թրամփի]՝ Սպիտակ տուն գալով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միանգամից կվերացվեն կամ ՆԱՏՕ-ն կդադարեցնի ընդարձակումը դեպի մեր սահմանները»,- «Միր» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Պեսկովն ու շարունակել՝ «Եթե մեր գործընկերները երկխոսություն սկսելու պատրաստակամություն ցուցաբերեն, դա կլինի նոր ու թարմ մոտեցում»: Միևնույն ժամանակ, Պուտինի խոսնակն անհեթեթություն է որակել վերջին շրջանում արևմտյան մամուլում առավել հաճախ հանդիպող պնդումները, թե միլիարդատեր Թրամփն իրականում Պուտինի մարդն է»:

«Թրամփն ամերիկյան ավանդական քաղաքական էլիտայի մաս չէ, և մենք գիտենք, որ հենց սկզբից այդ էլիտաները նրան շատ ակտիվ մերժում էին: Եվ որևէ մեկը, թերևս, լրջորեն չէր կանխատեսում, որ նա, ի վերջո, կարող է դառնալ նախագահ: Թրամփի մտահորիզոնը կարծրացած չէ, ի տարբերություն դեմոկրատական կամ հանրապետական էլիտաների: Նա առավել ազատ վարքագիծ ունի և առավել ոչ ստանդարտ մոտեցումներ՝ իր որոշումներում: Սակայն, պնդել, որ Թրամփը Պուտինի մարդն է միայն այն բանի համար, որ ուզում է շփվել՝ առկա խնդիրները լուծելու համար, ուղղակի ցնորամտություն է, կատարյալ զառանցանք»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Նա հաստատել է նաև, որ ԱՄՆ-ի հետ սառեցված հարաբերությունների պայմաններում Բարաք Օբաման Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից առաջ զանգահարել է Վլադիմիր Պուտինին և զգուշացրել, որ Վաշինգտոնում փաստեր ունեն ռուսական միջամտության վերաբերյալ:

«Այդ մասին նախագահ Օբաման խոսել է նաև Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Չինաստանում, Մեծ քսանյակի գագաթնաժողովում: Եվ ամեն անգամ Վլադիմիր Պուտինը շատ համբերատար կերպով դա հերքել է: Ու քանի որ նման պնդումներ են հնչում, ռուսական կողմն իրավասու է պահանջել ա)բացատրություններ, բ)փաստեր ու փաստարկներ: Ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը երբևէ մեզ չի ներկայացվել»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

ԱՄՆ-ի գործող վարչակազմը տարակուսանքով է արձագանքել սառեցված հարաբերությունների մասին՝ Պեսկովի պնդումներին: «Կարծում եմ՝ դուք պետք է Պեսկովից հարցնեք՝ ինչ նկատի ուներ նա այդ գնահատականով: Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից ռուս-ամերիկյան երկխոսության ընդհատում չկա, և շփումները սառեցված չեն:

Մենք այդ կերպ չէինք բնորոշի իրավիճակը: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք համաձայն ենք բոլոր հարցերում, չի նշանակում, որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև չկա լարվածություն: Տարաձայնություններ կան Ուկրաինայի, Սիրիայի հարցերում, սակայն, երկխոսությունը սառեցված չէ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին:

XS
SM
MD
LG