Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի պետդումայի պատվիրակությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը կարևորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների և գործակցության հետևողական խորացումը բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է:

Նախագահը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ևս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում և առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ:

Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս խորհրդարանական գործընկերների երևանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին:

Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է:

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG