Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր կառավարության շենքի առջև


Նաիրիտցիների հերթական բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև, 22-ը դեկտեմբերի, 2016 թ․
Նաիրիտցիների հերթական բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև, 22-ը դեկտեմբերի, 2016 թ․

Կառավարության նիստն այսօր էլ ուղեկցվեց արդեն ավանդական դարձած բողոքի գործողություններով: Այսօր գործադիրի նստավայրի առջև վարչապետից իրենց հարցերի պատասխանն էին ակնկալում գործարանի առողջացման ծրագրին սպասող նաիրիտցիները, գերակա շահի զոհ դարձած կոնդեցիները և իրենց աշխատավարձի պարտքը պահանջող՝ Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի աշխատողները: Այդ խմբերից և ոչ մեկին որևէ հոդաբաշխ պատասխան կառավարությունից այդպես էլ չտրվեց:

Կառավարության շենքի առջև հավաքված նաիրիտցիներն այսօր երկրորդ անգամ բաց նամակով դիմեցին «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Երբեմնի քիմիական հսկայի նախկին ու ներկա աշխատողներն իրենց նամակում Կարապետյանին խնդրում են մինչև հունվարի 20-ը կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացը, որը սկսվել է ՀԷՑ-ի հայցով։

Դա այն մրցույթի վերջանաժակետն է, որը սահմանել է կառավարությունը «Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացող ներդրողների համար։ Ըստ աշխատողների, Կարապետյանի այդ քայլը կլիներ իր այն հավաստման լավագույն ապացույցը, թե «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի գործարանի հնարավոր առողջացմանը։ «Մենք նորից խնդրում ենք պարոն Սամվել Կարապետյանին, միայն ինքը կարող է կասեցնել այս սնանկության գործընթացը»,- ասում էին ցուցարարները:

Նաիրիտցիները հույս ունեն, որ ՀԷՑ-ի սեփականատերն ընդառաջ կգնա իրենց խնդրանքին։ Կարապետյանին բնորոշելով որպես աշխարհի ամենահարուստ հայերից մեկը, նրանք իրենց նամակում տարակուսանք են հայտնում՝ եթե գործարանի փակումն ու Հայաստանի տնտեսության առողջացմանն արգելակելը քաղաքական պատվեր չէ, այդ դեպքում արդյո՞ք նրա «թափն ու հնարավորություններն» ունեցող գործարարի համար այդքան նշանակալից գումար էր 1 միլիարդ 200 միլիոն դրամը, որի չափով պարտքի պատճառով էլ սնանկության գործընթաց սկսվեց:

«Հաշվի առնելով նրա ազգասիրական գործունեությունը, երկրոդ նամակով խնդրել ենք, որ միջոցներ ձեռք առնի՝ դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու համար», «Բոլորս էլ մասնագետ ենք, «Նաիրիտ»-ից լավ ենք հասկանում, քանց թե էն վերևում նստածները հաշվարկ են անում, որ վնասով ա աշխատում: Թող մեզ կանչեն հաշվենք՝ տեսնենք իրոք վնասով ա՞ աշխատում, թե՞ եկամուտով», «Առողջացման ծրագրին դիմողներ շատ կան, ցանկություն չկա, ուզում են էժան ծախեն, եթե Կարապետյանն ուզի կանի»,- «Ազատության» հետ զրույցում ասում էին նաիրիտցիները։

Նրանցից բացի այսօր Կառավարության առջև բողոքի ցույց էին անում նաև Կոնդ թաղամասի մի խումբ նախկին բնակիչներ: Նոր կառավարությունը մինչ այսօր ընթացք չի տվել, այսպես կոչված՝ գերակա շահի զոհ դարձած այդ մարդկանց բողոքներին: Կոնդեցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած իրենց նամակն օմբուդսմենն ուղարկել է կառավարություն, բայց վարչապետից պատասխան դեռ չունեն: «Մեր հողերը ոչ թե գերակա շահ է ճանաչվել, ուղակի զավթել են», «Ոչ մի վարչապետ մեզնով չի հետաքրքրվում, Թաթոյանը խոսք էր տվել, որ մի բան կանի, բայց դեռ սպասում ենք»,- ասում էին Կոնդի նախկին բնակիչները։

Նրանց խոսքով՝ այս ընթացքում կառուցապատողը կանչել է իրենց ու նշել, որ 1 քմ-ի դիմաց վճարելու են 450 դոլարին համարժեք դրամ։ Ոմանք ճարահատյալ համաձայնել ու ստացել են գումարը, բայց դրանով, ինչպես գերակա շահի զոհերն են պնդում, անգամ ծայրամասում տուն գնել չեն կարող։ «Փողն առել եմ, ընկել եմ փողոցները, չեմ կարողանում տուն գտնեմ»: Կոնդեցիների պնդմամբ, 107 ընտանիքից ընդամենը 15-ն են ստացել փոխհատուցման գումարները, մինչդեռ մյուսներն անորոշ վիճակում են։ Ասում են՝ հարցը պետական միջամտության կարիք ունի։

Վարչապետից այսօր իրենց հարցերի պատասխանն էին ակնկալում նաև Բյուրեղավանի ապակե տարաների և շշերի գործարանի աշխատողները, որոնք արդեն մեկ տարուց ավելի է՝ չեն կարողանում ստանալ իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը։ Գործարանի աշխատողներն ասում են՝ արդեն հոգնել են անդադար խոստումներից, թե «վաղն աշխատավարձը կվճարեն»։ Նրանց պնդմամբ, սուտ է, որ գործարանում, իբր, առողջացման ծրագիր է իրականացվում, «դրա փոխարեն վաճառում են ներսի եղածը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG