Մատչելիության հղումներ

Հալեպի հայաբնակ թաղամասում տոնածառ է տեղադրվել


Պատերազմական տարիների ընթացքում առաջին անգամ Հալեպի Ազիզյե հայաբնակ թաղամասում տոնածառ տեղադրվեց․ քաղաքի արևելյան շրջանների գրավումը հալեպահայերի մոտ խաղաղության հույսեր ու տոնական տրամադրություն է արթնացրել:

Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց, որ քաղաքում աշխուժություն է տիրում, վերականգնված է երթևեկությունը, շուկայում ակտիվություն է: Տոնական տրամադրությունն է՛լ ավելի է բարձրացել երեկ տեղացած ձյան շնորհիվ։

«Ինչպես հալեպցիներն են ասում՝ ձյան շերտով ծածկված Հալեպը կարծես խաղաղության զգեստ է հագել», - փոխանցեց լրագրողը:

Պողիկյանը փոխանցեց նաև, որ տեղի իշխանությունները սկսել են քաղաքը վերականգնելու ծրագիր մշակել: Համայնքային կառույցների և հայերի բնակարանների վերականգնման ծրագրերի քննարկմանը մասնակցում են հայկական համայնքի ներկայացուցիչները:

Նա պատմեց, որ քաղաքի արևելյան շրջանների գրավումից հետո իր հայրն այցելել է տևական ժամանակ զինյալների վերահսկողության տակ գտնված Փոսթան Փաշա թաղամաս, որտեղ գտնվում նաև բազմաթիվ հայերի արհեստանոցները․ - «Դրանց մեծ մասը քանդված ու թալանված է»։

Պողիկյանն ասաց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ հայկական շրջանների ուղղությամբ հրիթռակոծություն եւ հրետակոծություն չկա՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում քաղաք են վերադարձել հայեպահայ երկու ընտանիքներ:

Թամար Պողոսյանի ընտանիքը Լիբանանից է վերադարձել: «Ազատության» հետ հեռախոսազրույցում հալեպահայ կինը փոխանցեց, թե քաղաքում խաղաղ է, «վիճակը շատ լավ է»:

Պողոսյանների ընտանիքը երկուսուկես ամիս առաջ, երբ Հալեպը վերածվել էր Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների բախումների թատերաբեմ, տեղափոխվել էր Լիբանան, որտեղից մտադիր էին մեկնել Կանադա, սակայն, լսելով, որ վիճակը Հալեպում կարգավորվում է, որոշել են հետ վերադառնալ:

Թամար Պողոսյանը ոգևորությամբ պատմեց, որ Վիլլաներ կոչվող թաղամասի իրենց տունն անվնաս վիճակում է․ - «Կարևորն իմ տունիս մեջն եմ, հանգիստ եմ: Ատի ամենամեծ բանն է արդեն»:

Նա վերհիշում է երկուևկես ամիս առաջվա Հալեպն ու ուրախությամբ հավելում՝ Հալեպը խաղաղ են գտել․ - «Այո, փառք Տիրոջ, շատ խաղաղ է Հալեպում հիմա։ Հուսամ՝ աս ձևով շարունակվի»։

Հալեպից հեռանալուց առաջ Թամար Պողոսյանն ուսուցչուհի էր աշխատում, ամուսինը ոսկերիչ է։ Կարծում է, որ կկարողանա վերականգնել աշխատանքը, իսկ ամուսինն արդեն սկսել է աշխատել։

Ընտանիքը մեծ հույսեր ունի, որ աստիճանաբար հայրենի Հալեպը նախկինը կդառնա նաև իրենց՝ հալեպահայերի շնորհիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG