Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ու Լեոնիդ Կալաշնիկովը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար:

Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կապակցությամբ: «Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը և կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը», - ասել է խորհրդարանի ղեկավարը:

Երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում ԱԺ նախագահը բարձր է գնահատել օրենսդիր մարմինների դերը:

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում Սահակյանը կարևորել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը և փոխշահավետ մոտեցումներով հանդես գալը:

Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, որոնք հիմնված են բարեկամության ամուր հիմքի վրա:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան նիստի ընթացքում հայտնած կարծիքներն ու առաջարկություններն իրենց նպաստը կունենան երկու պետությունների խորհրդարանների հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG