Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության գործով


Անիս Ամրին՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառ մխրճված բեռնատարի ենթադրյալ վարորդը

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բեռլինում անցած երկուշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության գործով։

Սուրբ Ծննդյան տոնավաճառ մխրճված ծանր բեռնատարի ենթադրյալ վարորդը, որի գործողություններից 12 մարդ է մահացել, ևս հինգ տասնյակը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել, ըստ գերմանական իրավապահ մարմինների, Թունիսի քաղաքացի է, որին ոստիկանությունը փնտրում է ոչ միայն Գերմանիայի տարածքում, այլ նաև Շենգենյան գոտու երկրներով մեկ։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի խոսքով՝ նա հայտն էր հատուկ ծառայություններին որպես իսլամիստ ծայրահեղական։

Կասկածյալը, ում անձը հաստատող փաստաթուղթը գտել են բեռնատարի խցում, մուտք է գործել Գերմանիա 2015 թվականի հուլիսին։ Երկրի իշխանությունները, սակայն, մերժել են կեցության իրավունք ստանալու նրա դիմումը, միևնույն ժամանակ չկարողանալով արտաքսել հայրենիք, քանի որ նա անձը հաստատող փաստաթուղթ չուներ, իսկ Թունիսը երկար ժամանակ հրաժարվում էր ճանաչել նրան որպես իր քաղաքացի։

Ըստ նախարարի, Թունիսի քաղաքացի հանդիսացող Անիս Ամրին վեց տարբեր անձնագիր ուներ, այդ թվում՝ Եգիպտոսի և Լիբանանի։

Հարձակումից անմիջապես հետո գերմանական ոստիկանությունը, հիշեցնենք, 23-ամյա մի պակիստանցու էր բերման ենթարկել, որին, սակայն, ավելի ուշ ազատ էր արձակել: Իրավապահների պնդմամբ, հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ 2016-ի փետրվարին Գերմանիա մուտք գործած պակիստանցի ներգաղթյալը հարձակման հետ որևէ առնչություն չուներ:

Գերմանական մայրաքաղաքի կենտրոնական շրջանում գտնվող Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի հետ առնչություններ ունեցող լրատվական կայքերից մեկում տեղադրված հայտարարության համաձայն, «ահաբեկչության հեղինակը «Իսլամական պետության» զինվորներից է»։

Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունը շատ նման է անցած հուլիսին ֆրանսիական Նիս քաղաքում կատարվածին, երբ թունիսցի իսլամիստը ծանր բեռնատարն ուղղեց փողոցում տոնակատարության մասնակցող մարդկանց վրա՝ սպանելով 86 հոգու։

XS
SM
MD
LG