Մատչելիության հղումներ

Բելառուսն ու Վրաստանը հայտարարում են երկկողմ հարաբերությունները խորացնելու մասին


Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ

Միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական նախապատվություններ ունեցող Բելառուսն ու Վրաստանն առաջիկայում կանեն հնարավոր ամեն ինչ՝ երկկողմ հարաբերությունները խորացնելու համար: Այս մասին Բելառուսի արտաքին գործերի նախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարում էին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները` Վլադիմիր Մակեյն ու Միխեիլ Ջանելիձեն:

Նշեմ, ի դեպ, որ սա Բելառուսի արտգործնախարարի երբևիցե Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցն էր:

«Մենք խոսեցինք վրաց-ռուսական հակամարտության մասին: Քննարկեցինք խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաև օկուպացված տարածքներում տիրող կացությունը: Մենք մշտապես մեծ հարգանք ենք տածել Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրում Բելառուսի որդեգրած դիրքորոշման հանդեպ», - հայտարարում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Վլադիմիր Մակեյն իր երկօրյա այցի ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցավ անուղղակիորեն ընդգծելու, որ Ռուսաստանի հետ հակամարտության հարցում պաշտոնական Մինսկը հակված է վրացական կողմի տեսակետների պաշտպանությանը:

Այցի առաջին օրը Վլադիմիր Մակեյը ծաղկեպսակ դրեց Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարի ընթացքում զոհվածների հուշակոթողին, Մինսկ վերադառնալուց առաջ էլ այցելեց Հարավային Օսիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Խուրվալեթի գյուղ: Այստեղ Բելառուսի արտգործնախարարը հանդիպեց տեղի բնակիչների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը մինչև 2008 թվականի պատերազմը բնակվում էր Հարավային Օսիայի վրացական գյուղերում:

«Մենք Վրաստանը դիտարկում ենք որպես հարյուր տոկոսով բարեկամական մի պետություն: Բելառուսը մեծ պետություն չէ և զուրկ է տարատեսակ քաղաքական հավակնություններից: Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների հետ, ցանկանում ենք աշխարհի բոլոր հատվածներում միայն բարեկամ պետություններ տեսնել: Վրաստանը մենք դասում ենք մեր բարեկամների շարքին», - հայտարարում էր Մակեյը` ընդգծելով, որ վերջին շրջանում Թբիլիսիին և Մինսկին հաջողվել է խորացնել հատկապես երկկողմ առևտրային կապերը:

«Միայն այս տարվա ընթացքում մեր երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 70 տոկոսով: Ձեր երկիր այցելող բելառուս զբոսաշրջիկների թիվն աճել է 30 տոկոսով: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարում էր Բելառուսի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG