Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին դեռևս չի հաստատել քաղաքի 2017 թվականի բյուջեն


Ընդդիմադիրների բոյկոտը թույլ չի տալիս անցկացնել Վանաձորի ավագանու նիստը:

Ընդդիմադիրների բոյկոտը թույլ չի տալիս անցկացնել Վանաձորի ավագանու նիստը:

Ավագանու ընդդիմադիր անդամներն անգամ բյուջեի հանրային բաց քննարկումներին չեն մասնակցել:

Հոկտեմբերին 10-ից հետո, երբ ավագանու միակ կայացած նիստին փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը, ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին առաջիկա նիստերը բոյկոտելու մասին:

Ասլանյանի խոսքով, բյուջեում փոփոխությունների կարիք կա, բայց քանի դեռ ընդդիմադիրները բոյկոտում են, ստիպված են առաջնորդվել նախորդ տարվա բյուջեով․ - «Նախորդ տարվա բյուջեի համամասնության կշարունակենք, որպեսզի չունենանք խնդիրներ՝ կապված քաղաքային տնտեսության կառավարման հետ: Հետագայում, երբ որ մեր ավագանու անդամները արդեն որոշեն, թե ինչ ֆորմատով են շարունակում իրենց աշխատանքը, էն ժամանակ արդեն քննարկումների միջոցով մենք կունենանք ընդհանուր հայտարար»:

Ըստ քաղաքապետի, մեծ ուշադրություն պետք է դարձվի քաղաքի արտաքին տեսքին, բայց դրա համար անհրաժեշտ է ավագանու նիստ հրավիրել և բյուջեում փոփոխություններ անել․ - «Իմ տպավորությունները, և ընդհանրապես այն, ինչում ես տեսնում եմ Վանաձորի ապագան, դա բարետես, կանաչապետ, կառուցապատ քաղաք ունենալն է: Հետևաբար բյուջեում առանձնակի ուշադրություն պիտի դարձվի շրջական միջավայրի բարելավմանը՝ կանաչապատման առումով»:

Նախորդ օրը տեղի ունեցած 2017 թվականի բյուջեի և 5-ամյա զարգացման ծրագրի հանրային բաց լսումներին մասնակցել են միայն ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Քրիստ Մարուքյանը հայտարարել էր, թե իրենք կարող են գրավոր առաջարկության տեսքով մասնակցել քննարկմանը:

Մինչև օրս որևէ առաջարկություն, սակայն, չեն ներկայացրել: Մարուքյանի խոսքով, նպատակահարմար չեն գտնում առաջարկություններով հանդես գալ, քանի որ իշխանությունը ավագանու նիստում մեծամասնություն չի ապահովում, իսկ իրենք շարունակում են բոյկոտը:

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը ավագանու նիստին կմասնակցի, եթե նախքան իրենց ներկայանալը քվորում լինի: Հակառակ դեպքում, օրենքով սահմանված կարգով, ավագանին լուծարելու պահանջով կդիմեն Կառավարությանը․ - «Մենք ընդամենը առաջնորդվում ենք նրանով, ինչը թույլ է տալիս նոր Սահմանադրության հետևանքով կուսակցականացված, քաղաքականացված այս համակարգը: Այսինքն, կա՛մ այդ ընտրակարգով առաջնորդվելով՝ պետք է ցույց տան մանդատ ունենալու իրողությունը, կա՛մ, եթե ցույց չեն տալիս, դա հնարավոր չէ, տեղի չեն ունենում այդ նիստերը, հետևաբար քաղաքը կառավարելու այդ մանդատը, այդ լիազորությունը չկա: Այսինքն, այնպես չէ, որ մենք մեզ համար կյանքի գերխնդիր ենք դրել՝ նոր ընտրություններին հասնելը: Բայց եթե ամեն ինչ դրան է տանում, ուրեմն պետք է անել այն, ինչ որ օրենքով նախատեսված է»:

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Կառավարությունը կարող է կրճատել Գյումրու, Վանաձորի ավագանու լիազորությունների ժամկետը մի շարք դեպքերում, այդ թվում՝ եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, կամ ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական վերածնունդ»-ը հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ու թեև ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանու 33 անդամներից 18-ը կքվեարկեն «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն:

Բոյկոտի միջոցով այդ կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են պարզել, թե ովքեր են այն չորս ընդդիմադիր ավագանու անդամները, ովքեր փակ քվեարկության ժամանակ ձայն են տվել իշխանության թեկնածուին:

XS
SM
MD
LG