Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական գործակցությանը


«Այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո։

«Մենք այսօր համակողմանի և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ. վերահաստատեցինք մշակված ծրագրերի համատեղ իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր: Հարգարժան պարոն Նախագահի հետ անդրադարձանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, ըստ Սերժ Սարգսյանի, շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը:

«Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը: Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար», - հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ և կարևորել են համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:

«Շարունակվում են աշխատանքները երկու երկրների տնտեսավարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել մեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Այս առումով, անշուշտ, շատ ուրախ եմ, որ այսօր՝ այցին զուգահեռ, ծավալուն գործարար համաժողով է կայանում Երևանում», - ասել է նախագահը։

Հանդիպմանը, ինչպես նախագահն է ասել, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին:

«Մտքեր ենք փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ դրանք Իրանի աշխատասեր և ստեղծագործ ժողովրդի առջև զարգացման նոր հորիզոններ կբացեն՝ նոր խթան հանդիսանալով ինչպես մեր երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային առավել լայն փոխգործակցության աշխուժացման համար», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Քննարկեցինք իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը։ Այս առումով կարևոր է երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հումանիտար իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը: Անշուշտ, Հայաստանին առաջին հերթին մտահոգում է Սիրիայում, հատկապես Հալեպում հայ համայնքի անվտանգության ապահովման խնդիրը: Իմ հարգարժան գործընկերոջը ինչպես միշտ, այս անգամ ևս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործընթացում առաջընթացի ապահովմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերը, ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Մենք վերահաստատեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող ունենալ ռազմական լուծում և շեշտեցինք տարածաշրջանում իրավիճակի լարվածության և անկայունության տարածմանն ուղղված ցանկացած քայլի անթույլատրելիությունը»:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ռոհանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ամենաբարձր մակարդակով շփումների «այս բարի ավանդույթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG