Մատչելիության հղումներ

Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը


Երկուշաբթի երեկոյան Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար, որի հետևանքով զոհվել էին քաղաքի կենտրոնում գործող սուրբծննդյան տոնավաճառի հաճախորդներից 12-ը, ևս 48-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Մերձավոր Արևելքում գործող այս կառույցի հետ սերտ առնչություններ ունեցող AMAQ գործակալության տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք․ - «Բեռլինում իրականացված գործողության հեղինակը «Իսլամական պետության» զինվորներից է: Նա այս քայլին է դիմել` հետևելով [«Իսլամական պետության» դեմ մարտնչող] կոալիցիայի անդամ պետությունների քաղաքացիներին թիրախավորելու կոչին»:

Փորձագետները արձանագրում են, որ Բեռլինում տեղի ունեցած հարձակումը «Իսլամական պետության» առաջին ահաբեկչական գործողությունն է, որն իրականացնողը ողջ է մնացել: Մինչև այժմ «Իսլամական պետության» ձեռնարկած հարձակումների հեղինակները կամ մահապարտ ահաբեկիչներ էին, կամ էլ սպանվում էին ոստիկանության կողմից, ինչպես դա եղավ, ասենք, անցած հուլիսին ֆրանսիական Նիսում: Գերմանական ոստիկանությունը, սակայն, հայտարարել է, որ չնայած «Իսլամական պետության» հայտարարությանը, հետաքննության ընթացքում «այլ վարկածներ ևս դիտարկվում են»:

Հարկ է, այդուհանդերձ, արձանագրել, որ Գերմանիայի վերջին մի քանի տասնամյակների ամենաարյունալի ահաբեկչական գործողության հետաքննությանը գոնե այս պահին որևէ առարկայական արդյունքի չի հանգեցրել: Հարձակումից անմիջապես հետո ոստիկանության և ահաբեկչական գործողության ականատես քաղաքացիների համատեղ ջանքերով 23-ամյա մի պակիստանցի էր բերման ենթարկվել, որին, սակայն, երեկ ուշ երեկոյան քննիչները ստիպված էին ազատ արձակել: Իրավապահների պնդմամբ՝ մի քանի ժամ տևած հարցաքննության արդյունքում պարզվել է, որ 2016-ի փետրվարին Գերմանիա մուտք գործած պակիստանցի ներգաղթյալը հարձակմանը որևէ առնչություն չունի:

Փոխարենը գերմանական ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել տեղեկություններ նոր կասկածյալի մասին: Բեռլինի ոստիկանության տվյալներով, ահաբեկչական հարձակման գործիք ծառայած բեռնատարի խցիկում 24-ամյա մի թունիսցու անձը հաստատող փաստաթղթեր են հայտնաբերվել: Գերմանացի իրավապահնեը այժմ հրապարակում են նոր կասկածյալի միայն անունը` Անիս, և ծննդավայրը` Թունիսի հարավում գտնվող Թաթավին քաղաք:

Գերմանացի իրավապահներն այժմ իրենց հիմնական ջանքերը կենտրոնացրել են հարձակման կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Սրան զուգահեռ երկրի ողջ տարածքում ուժեղացվել է սուրբծննդյան տոնավաճառների հսկողությունը:

Գերմանայի բարձրագույն իշխանությունն իր հերթին փորձում է անել հնարավորը ահաբեկչական հարձակումից հետո երկրում ծագած հոգեբանական լարվածությունը թուլացնելու, մարդկանց վստահության որոշակի չափաբաժին հաղորդելու համար:

Երեկ երեկոյան ահաբեկչական գործողության վայրը` Կայզեր Վիլհելմի եկեղեցուն հարող տարածք, այցելեցին Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը և Արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Իսկ այսօր Բեռլինի հիվանդանոցներում գտնվող վիրավորներին այցելեց Գերմանիայի նախագահ Յոհաննես Գաուկը:

«Իմ այս այցով ես ցանկանում եմ ցույց տալ, որ մեր երկրի միլիոնավոր բնակիչներն անտարբեր չեն ահաբեկչական գործողության արդյունքում տուժածների ճակատագրի հանդեպ: Թե՛ այն մարդկանց հանդեպ, ովքեր այս պահին էլ գտնվում են կյանքի և մահվան սահմանագծին, և թե՛ այն տուժածների հանդեպ, ովքեր սկսել են ապաքինվել: Նրանք պետք է հստակ իմանան, որ միայնակ չեն և, այստեղ աշխատող բժիշկներից բացի, Գերմանիայի ողջ բնակչությունը սպասում է նրանց ապաքինմանը», - հայտարարել է Գերմանիայի նախագահը:

XS
SM
MD
LG