Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել է ԻԻՀ նախագահին


Լուսանկարը՝ նախագահի կայքէջի
Լուսանկարը՝ նախագահի կայքէջի

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահի կայքէջի փոխանցմամբ, Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

«Հարգելի՛ պարոն նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր եք, և մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի մեր համագործակցությանը:

Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը՝ մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար:

Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան»,- ասել է Հայաստանի նախագահը:

Իրանի նախագահն իր հերթին նշել է՝ «Մեծարգո նախագահ, անչափ շնորհակալ եմ և շատ ուրախ, որ այսօր այցելել եմ Հայաստանի Հանրապետություն՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն և Երևան մայրաքաղաք: Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG