Մատչելիության հղումներ

Առայժմ հստակ չէ, թե իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որքանո՞վ օգտակար կլինի Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտությունում, գրել է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնն՝ անդրադառնալով Բաքվի և Թել Ավիվի միջև վերջերս ձեռք բերված ռազմական գործարքին:

Անցած շաբաթավերջին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարեց, թե Բաքուն պատրաստվում է Իսրայելից գնել հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը։ Իսրայելական The Jerusalem Post -ն էլ փաստեց, որ Ադրբեջանում սկսել են դրանով հետաքրքրվել, երբ Հայաստանը ձեռք է բերել ռուսական «Իսկանդեր»-ը:

«Հատկանշական է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցից անմիջապես առաջ Բաքու էր մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմաարդյունաբերական ոլորտի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը», - փաստում են ամերիկացի վերլուծաբանները՝ պնդելով, որ Բաքուն այդ այցի ընթացքում նախապես տեղեկացրել է Ռուսաստանին, թե ինչ համակարգ է ձեռք բերում Իսրայելից, և որ առավել կարևոր է՝ արդյո՞ք դա կխախտի ռազմական հավասարակշռությունը, որը Մոսկվան պահում է Ադրբեջանի և Հայաստանի միջև:

«Այդուամենայնիվ, իսրայելական օդային պաշտպանության այդ համակարգը ձեռք բերելու նպատակը հստակ չէ», - կարծիք է հայտնում Strarfor-ը՝ մանրամասնելով. - «Ադրբեջանը արդեն S 300 և «Բարաք-8» համակարգեր ունի, որոնք արդյունավետ են «Իսկանդեր»-ի հրթիռների դեմ, ավելին, առայժմ հստակ չէ, թե «Երկաթե գմբեթ»-ի քանի մարտկոց է Ադրբեջանը մտադիր գնել, այն դեպքում, երբ հայտնի է, թե որքան քիչ լինեն մարտկոցները, այնքան կնվազի համակարգի արդյունավետությունը»:

«Իսրայելն, օրինակ, ունի «Երկաթե գմբեթ»-ի տասը մարտկոց, որոնցից յուրաքանչյուրը կարող է արժենալ մինչև 50 միլիոն դոլար, հրթիռների մոտավոր արժեքը հասնում է յուրաքանչյուրը 100 հազար դոլարի: Վերջին հաղորդումների համաձայն, Իսրայելի և Ադրբեջանի միջև 5 միլիարդ դոլարի ռազմական գործարք է կնքվել, ինչը թույլ կտա Բաքվին «Երկաթե գմբեթ»-ի յոթ մարտկոց ձեռք բերել», - կանխատեսում է ամերիկյան վերլուծական կենտրոնը՝ միաժամանակ ընդգծելով. - «Բավարար թվով մարտկոցներ ունենալու դեպքում անգամ «Երկաթե գմբեթ»-ը իր թույլ կողմերն ունի. դրա մարտկոցները կարող են դժվարությամբ դիմակայել «Իսկանդեր»-ի հեռահար հրթիռներին, քանի որ այն նախատեսված է նախևառաջ հրետանային փոքր հրթիռների և ականանետերի կրակահերթերից եկող վտանգը չեզոքացնելու համար: Թեև, հազիվ թե Ղարաբաղում լարվածությունը հասնի այն մակարդակին, որի ականատեսը դարձանք այս տարվա սկզբին, այդուամենայնիվ, վիճակը կարող է սրվել», - ընդգծում են ամերիկացի վերլուծաբանները՝ հավելելով, որ «Երկաթե գմբեթ»-ը կարող է օգնել շփման գծի մոտ գտնվող քաղաքներն ու ռազմական հենակետերը պաշտպանելիս:

XS
SM
MD
LG