Մատչելիության հղումներ

Ազգային գրադարանի տնօրենն ամփոփեց ավարտվող տարվա արդյունքները


Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը:
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը:

«Անցնող 2016 թվականը Հայաստանի ազգային գրադարանի համար լի էր կարևոր իրադարձություններով», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ դրանցից առանձնացնելով «Ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի վերամիավորումը Ազգային գրադարանի հետ:

«Անկախացումից հետո բազմաթիվ խորհրդային հանրապետություններում գրապալատները շատ արագ ձուլվեցին ազգային գրադարանների հետ․․․ Դա կույր աղիք կառույց է անկախ պետականության պայմաններում», - փաստարկեց նա:

Գրապալատի գրքերը 1920 թվականից առայսօր տպագրված գրքերի պարտադիր օրինակներն են, որոնք արդեն 3 օր է տեղափոխվում են Ազգային գրադարան, որտեղ մեծ տարածք է հատկացվել գրապալատի գրականության համար:

Գրապալատի աշխատակիցների համար Տիգրան Զարգարյանը չի փակում դռները․ ցանկացողները կարող են աշխատել նաև իրենց մոտ, եթե իհարկե կենսաթոշակային և մասնագիտական որակավորման սահմանափակումներ չկան:

Ավարտվող տարվա ընթացքում ևս մի ուշագրավ նորույթ, որ հենց բուն ընթերցողների համար է․ - «Մեր լրագրող ընթերցողների խնդրանքով և պահանջով ընթերցասրահների աշխատանքը երկարացրեցինք մինչև երեկոյան 9-ը: Այսինքն առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9--ը հիմա մեր ընթերցասրահները աշխատում են և ընթերցողներիով լեցուն են»:

2 մլն էջ մամուլ են թվայնացրել: Թե որքան է մնացել, Ազգային գրադարանի տնօրենը դժվարացավ ասել, բայց ասաց, որ հայ մամուլը պարունակում է 5784 անուն օրաթերթ, ամսագիր, պարբերական ողջ աշխահում՝ սկսած «Ազդարարի» տպագրությունից:

Տիգրան Զարգարյանը ևս մի ուշագրավ փաստ նշեց․ Հակոբ Մեղապարտից՝ 1512 թվականից մինչև մեր օրերը ողջ աշխարհում տպագրվել է 126 հազար անուն հայերեն գիրք: Առայժմ թվայնացվել է 7 տոկոսը՝ 6 հազար 700 անուն գիրք:

Ազգային գրադարանի տնօրենը հավելեց նաև, որ շատ լավ համագործացություն ունեն աշխարհի լավագույն գրադարանների հետ, որոնց շնորհիվ էլ կարողանում են թվայնացնել հայերեն այնպիսի գրքեր, որոնք երբեք Հայաստանում չեն եղել:

1666 թվականին Ամստերդամում Ոսկան Երևանցին հրատարակել է հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը, և ահա այս տարի լրացել է այդ պատմական իրադարձության 350-ամյակը, որը նշվել է Ամստերդամում, որտեղից Ազգային գրադարանը 8 հնատիպ գիրք է նվեր ստացել:

Այս տարի Ազգային գրադարանը հիմնադրել է նաև Գրատպության թանգարան, որը պիտի պաշտոնապես բացվեր այս տարի աշնանը, բայց հետաձգվել է, և կբացվի գալիք գարնանը․ - «Պարզապես էս փոփոխությունները սկսվեցին․ Կառավարություն փոխվեց, նախարար փոխվեց: Թանգարանը ամբողջովին պատրաստ է, մնում է պարզապես էդ ժապավենը կտրենք»:

Տիգրան Զարգարյանը նաև ասաց․ - «Ես կուզենայի, որպեսզի մի նոր մասնաշենք ունենա Ազգային գրադարանը: Ժամանակակից գրադարանին վայել մասնաշենք: Թամանյանականը մշակութային շատ գեղեցիկ տեղ է, մյուս մասնաշենքը՝ վարչականը, լավը չէ, տիպիկ խորհրդարային շենք է: Ես շատ կուզենայի, որ ունենանք հատուկ գրադարանի համար նախագծված մասնաշենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG