Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ․ Բենզինի և դիզվառելիքի գները նվազել են շուկայում նոր խաղացող հայտնվելու արդյունքում


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 60 դրամով նվազել են դիզելային վառելիքի, ինչպես նաև «ռեգուլիար» ու «պրեմիում» տեսակների բենզինի գները։

Միջազգային շուկայում, հիշեցնենք, նավթի գինը դեռ մեկ տարի առաջ էր գրեթե կրկնակի նվազել։ Հայաստանում, սակայն, գնանկումը տեղի ունեցավ միայն մեկ տարի անց։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գնահատմամբ՝ գնանկումը հնարավոր է դարձել հոկտեմբերից շուկայում նոր խաղացողի հայտնվելու արդյունքում:

Հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանի խոսքով, նոր «Մաքս պետրոլ» ընկերությունը, ինչպես շուկայի 2 խոշոր ընկերությունները՝ CPS-ը և «Ֆլեշ»֊ը, բենզինը ձեռք է բերել միջնորդ «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերության միջոցով, սակայն մրցակիցների համեմատ ավելի էժան գնով․ - «Մեր նախկին ուսումնասիրություններով մենք եկել ենք այն եզրահանգման, որ այդ գնային փոփոխությունը մեծապես պայմանավորված է նոր ընկերության ի հայտ գալով: Նոր ընկերությունը սկսել է բենզինի՝ ավելի էժան գներով ձեռք բերումներ իրականացնել և ներմուծումներ կատարել, ինչի արդյունքում նվազել են մեր երկրում բենզինի մանրածախ վաճառքի գները»:

Անցած շաբաթ բենզին և դիզվառելիք ներկրող երկու խոշոր ընկերություններից մեկի՝ «Ֆլեշ»-ի ղեկավար Բարսեղ Բեգլարյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը բողոքեց, որ իրենք այսօր զրոյական շահույթով են աշխատում․ - «Այսօր շուկայում պետք է լինի 50 դրամ բարձր, իսկ այսօր 330 դրամ է շուկայում բենզինի, դիզվառելիքի գինը: Դա՝ ի ուրախություն մեր ժողովրդի, ի ուրախություն մեր սպառողների: Բայց մենք եկամուտ չենք ունենալու: Ոչինչ, նորմալ ա: Այսինքն մեր շահույթը զրոյի վրա է»:

Վարչապետն արձագանքել էր․ - «Ինչ վերաբերվում ա մրցակցությանը, դա շատ շուտ գալու ա կարգավորվի»:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի կարծիքով, խոշորների եկամուտ չստանալը Հայաստանի դեպքում կարող է նշանակել ուղղակի սովորականից քիչ եկամուտ ստանալ, ինչն էլ ամենայն հավանականությամբ խոշոր ընկերություններին դժգոհելու առիթ է տվել։

Իսկ գնանկումը, ըստ նրա, դեռ պարզ չէ, թե ինչի հետևանք է․ - «Մրցակցությունո՞վ է դա պայմանավորված, թե՞ այլ հանգամանքներով: Դժվար է ասել: Օրինակ, նշվում էր, որ բենզինի գների անկումը պայմանավորված է երրորդ խաղացողի մուտքով, բայց այդ երրորդ խաղացողի տվյալները շատ անհասկանալի են: Պարզ չի, թե դա ինչ ընկերություն է մեծ հաշվով:Այսինքն, խոշորները կարող են եկամուտ չստանալ, եթե հայտնվի մեկ այլ խոշոր, որը վայելում է պետական հովանավորչությունը կամ ինչ-ինչ լծակներ է բանեցնում»:

Թունյանը հնարավոր է համարում նաև որակի հաշվին գնի նվազումը․ - «Օրինակ, մեկը գրել էր՝ տեստ եմ արել, ու 15 տոկոս գինը էժանանալուց հետո նկատել եմ, որ 15 տոկոսով էլ պակաս եմ քշում: Էդ քիմիական նրբերանգներին ծանոթ չեմ, բայց հնարավոր է բենզինի հետ ինչ-որ նյութ խառնել, որի արդյունքում իր այդ օգտակար գործողությունը կնվազի: Էժան կլինի, բայց ավելի անորակ»:

Նշենք, որ այսօր ինչպես «Ֆլեշ», այնպես էլ CPS ընկերություններից ամբողջ օրվա ընթացքում խուսափեցին պատասխանել «Ազատության» բանավոր և գրավոր հարցումներին:

XS
SM
MD
LG