Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը սահմանել է աշխատանքի հատուկ ռեժիմ:

«Նախատոնական և հետտոնական օրերին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրականացվեն հսկողական շրջայցեր: Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձևավորվեն նաև աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Ստեղծված աշխատանքային խմբերը, ինչպես նշում է ՍԱՊԾ-ն հանրապետության ողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվեն ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը:

«Այս համատեքստում, կոչ ենք անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք և, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով իրացման կետի հասցեն, արտադրողի և/կամ իրացման կետի ամբողջական անվանումը, բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը՝ կցելով լուսանկար/տեսանյութ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG