Մատչելիության հղումներ

«Գնումներ մասին» փոփոխված օրենքը «կարող է վերաբերել ոչ միայն առաջին դեմքերին»


Փորձագետներ Վիգեն Հակոբյանը (ձ), Մանե Թանդիլյանը (կ) և Արտակ Մանուկյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը:
Փորձագետներ Վիգեն Հակոբյանը (ձ), Մանե Թանդիլյանը (կ) և Արտակ Մանուկյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը:

Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի ու նրանց համար իրականացվող գնումների գաղտնիացումը, ըստ փորձագետների, կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում։

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում հաստատվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով Հայաստանի հանրապետության առաջին դեմքերի արարողակարգային ծախսերը համարվելու են պետական գաղտնիք, նրանց համար գնումները լինելու են փակ։

Օրենքի այս դրույթը, սակայն, կարող է վերաբերել նաև այլ ինստիտուտների, հասարակական, քաղաքական գործիչների։ Նրանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Նախագահի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում։

«Սա նշանակում է կոռուպցիոն նոր լծակներ ստեղծել», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը․ - «Մենք հիմա խոսում ենք իբրև թե վերականգնենք հասարակության վստահությունը Կառավարությանը, պետական մարմինների նկատմամբ, սա ճիշտ հակառակ գործընթաց է: Այս համատարած անվստահության մթնոլորտում բերել չպատճառաբանված, դրդապատճառ չունեցող նմանատիպ օրենք, համարում եմ ոչ միայն անթույլատրելի, այլև վտանգավոր, որովհետև սա կարող է ունենալ շարունակություն: Եվ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքը, որը անհրաժեշտ է, որ այս համատարած անվստահության մթնոլորտում կիրառվի, այլևս դրա մասին խոսք չի կարող անգամ լինել»:

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համակարծիք է, որ փոփոխություններն արվում են որոշ գործիչների տնտեսական շահերից ելնելով։ Նրա խոսքով՝ քաղաքական շահ այստեղ չկա, քանի որ իշխանությունները գիտեին, որ այն միայն հասարակության դժգոհությունը կարող էր առաջացնել, ուրեմն պատճառներն ավելի խորքային են․ - «Ես կարծում եմ, այս շտապողականությունը պայմանավորված է գուցե նրանով, որ, ասենք, այս Ազգային ժողովի վերջին ժամկետն է, և գուցե շտապում են, որպեսզի այս Ազգային ժողովը, որտեղ գործող իշխանություններն ունեն ճնշող մեծամասնություն, այս օրինագիծը վավերացնի: Գուցե լուրջ հույսեր չկան, որ հաջորդ Ազգային ժողովը այսքան փափուկ լինի»:

Խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, թե օրենսդրական նախաձեռնության նպատակը երկրի կարևորագույն պաշտոնյաների անվտանգության ապահովումն է։ Նախարարը միջազգային փորձն էր օրինակ բերել։

Իսկ օրինագծի հեղինակ Վարդան Այվազյանը (ՀՀԿ) նշել էր, որ այդ գնումների վերաբերյալ հաշվետվություններ լինելու են։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը սա «դասական մանիպուլացիա» է որակում․ - «Եթե ասում ենք՝ անվտանգություն, և հասկանում ենք անվտանգությանն առնչվող ֆունկցիաներ, դա տրամաբանական է, որ որոշ երկրներ իրականացնում են գաղտնի: Բայց մենք անվտանգություն ասվածի տակ մտցնում ենք նաև տարբեր ինստիտուտներ, արդեն միջազգային փորձի հետ լրջագույն հակասություններ է տալիս․․․ Նույնիսկ Նիգերիայում, որը Հայաստանին շատ մոտ ա կոռուպցիայի ցուցանիշներով, եթե 2016 թվականի, օրինակ Լոնդոնի սամմիթը նայենք, պրեզիդենտի ծախսերը ինքը սեփական կամքով փորձում է թափանցիկ ներկայացնել»:

2016-ին նախագահի աշխատակազմի գնումները կազում են շուրջ 1.9 միլիարդ դրամ, Կառավարության աշխատակազմինը՝ 983 միլիոն դրամ։ Ազգային ժողովի դեպքում գումարը համեմատաբար ավելի փոքր է՝ 938 միլիոն դրամ։

Տնտեսագետի խոսքով, նույն գործուղումների համար հսկայական գումարներ են ծախսվում, որոնք հիմնավորված չեն, իսկ շուտով այս թվերը գաղտնի կլինեն, գործընթացն էլ վերահսկելը շատ ավելի բարդ։ «Գնումների մասին» փոփոխված օրենքը մոտ երկու ամսից ուժի մեջ կմտնի:

«Բավականաչափ մեծ անարդյունավետ ծախսեր ի հայտ եկան ուսումնասիրության արդյունքում, և կարծես թե պետությունը գնում է այն մոդելին, որ ամենահեշտը փակելն է այդ անարդյունավետության մասին տեղեկատվությունը», - հավելեց Մանուկյանը:

Կառավարությունը նմանատիպ նախագիծ ներկայացրել էր նաև 2013-ի վերջին, իսկ 2014-ին այն քննարկվել էր խորհրդարանում, սակայն լուրջ քննադատության արժանացել։ Այս անգամ սակայն խորհրդարանն այն ընդունեց ձայների 78 կողմ, 14 ձեռնպահ հարաբերակցությամբ, դեմ քվեարկողներ չեղան։

XS
SM
MD
LG