Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են երկրում նոր բանտեր կառուցելու մտադրության մասին


Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են երկրում նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու մասին։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյաների, նախատեսվում է Բաքվի, Գյանջայի և Լենքորանի շրջաններում կառուցել ևս վեց բանտ, որպեսզի կալանավորների հարազատները ստիպված չլինեն շրջաններից մեկնել Գյանջա կամ Բաքու։

Վկայակոչելով պաշտոնական հայտարարությունը՝ փոխանցում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով իշխանությունների այս բացատրությունը։

«Դատելով, օրինակ, Նարդարանի գործի շուրջ զարգացումներից կամ այլ ակտիվիստների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներից, իշխանությունների՝ կալանավորների հարազատների վերաբերյալ հոգատար բնույթի այդ մեկնաբանությունները համոզիչ չեն», - գրում է «Ազադլիգ»-ը՝ նաև նշելով, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսելու բանտերի կառուցման, ապա դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Ադրբեջանի իշխանությունները նաև չեն թաքցնում, որ երկրում հանցավորության մակարդակի աճի պատճառով բանտերում գերբեռնվածության մակարդակը աճել է և նոր բանտերի կարիք է զգացվում։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը կալանավորների թվով Եվրոպայում առաջատարներից է, իսկ աշխարհում 221 երկրների ցանկում զբաղեցնում է 54-րդը հորիզոնականը։

Ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովի տվյալներով՝ հայրենական բանտերում պահվում է շուրջ 24 հազար դատապարտյալ, պատկերավոր ասած՝ երկրի 100 հազար բնակչությանը բաժին է հասնում 233 կալանավոր։

«Երկրում հանցագործությունների, ինչպես նաև հանցագործների թիվն աճում է։ Դա միանշանակ է, այդ մասին են վկայում պաշտոնական տվյալները։ Միշտ հարց է ծագում, թե ինչո՞ւ են նախագահն ու Միլի մեջլիսը ամեն տարի համաներում հայտարարում։ Ստիպված են, որովհետև բանտերը լեփ-լեցուն են։ 2015 թվականին, ի դեպ, քրեակատարողական հիմնարկները լեցուն էին 97 տոկոսով։ Եթե չլիներ այդ տարվա համաներումը, ապա դրանցում տեղ չէր լինի նոր դատապարտյալների համար», - «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում պարզաբանել է ադրբեջանցի իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է բուն բանտային պայմաններին, ապա, Զեյնալովի խոսքով, կախված է նրանից՝ դա նոր բանտ է, թե՝ հին։ Նոր բանտերում պայմանները տանելի են, իսկ ահա խորհրդային տարիներից ժառանգած բանտերում փոփոխություններ, ըստ իրավապաշտպանի, գրեթե չեն եղել։

Միջազգային կառույցները հաճախ են Ալիևի վարչակազմին մեղադրում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունների մեջ, որոնք տարբեր մեղադրանքներով դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկման։ Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ հաճախ այդ մեղադրանքները կեղծ են լինում։ Վերջին աղմկահարույց դատավարությունը երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի գործով էր։ Վերջիններս մայրաքաղաք Բաքվում Հեյդար Ալիևի արձանի վրա գրություններ թողնելու պատճառով ձերբակալվել են և այլ մեղադրանքներով դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Ամիսներ առաջ ադրբեջանական բանտից ազատ արձակված իրավապաշտպան Լեյլա Յունուսը նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանում հայտարարել է, թե ներկայումս Ադրբեջանում կա 160 քաղբանտարկյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG