Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրը գլխավոր դատախազի հետ ունեցած հանդիպումից սպասելիքներ չունի


Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, արխիվ
Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, արխիվ

9 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են:

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած հանդիպումն արդյունավետ չէր։ «Հերթական հանդիպում էր», որն իր որդու մահվան հանգամանքների բացահայտման գործում էական փոփոխությունների չի բերի, ասաց տիկին Սարգսյանն ու հավելեց՝ «Ասում է՝ դուք կարծում եք 9 տարի հետո ինչ-որ մի բան մենք կարո՞ղ ենք անել։ Բա ես ի՞նչ ակնկալիք ունենամ ձեզանից»։

9 տարի առաջ բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են։ Այս մասին Գոհար Սարգսյանն ու Սուրեն Օհանջանյանը 3 ամիս առաջ ասել են գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Արթուր Դավթյանին։

Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը սկզբում եղել է հոսանքահարումը, մինչդեռ, դատական երեք ատյաններն այս վարկածը հերքել են ու գործն ուղարկել նոր քննության։ Դրանից հետո իրավապահները կասեցրել են գործը, եզրակացնելով՝ կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն, իրեղեն ապացույցները չեն պահպանվել: Նաև չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։ Սակայն, մահացած զինվորի ծնողներն ամիսներ առաջ բողոքարկել էին վարույթի կասեցման մասին որոշումն ու հասել հաջողության: գործը վերաբացվել է։

Արթուր Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո որդեկորույս մի քանի ծնողներ դիմեցին նրան՝ խնդրելով հանդիպում։ Գոհար Սարգսյանն ասում է՝ գլխավոր դատախազը նշել է, որ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ գործն իսկապես քննվել է որոշ թերություններով, ուստի՝ դատախազը որոշ հանձնարարականներ է տվել նախաքննական մարմնին։

Պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը, մինչդեռ, գլխավոր դատախազի հետ որոշ հույսեր դեռ կապում է: Արթուր Դավթյանի հետ Նանա Մուրադյանը հանդիպում է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։

Ըստ որդեկորույս մոր՝ դատախազը խոստացել է օգնել որդու մահվան փաստով քրեական գործի կասեցման վերանայման հարցում։ Անցած տարի գլխավոր դատախազաությունը որոշել էր կասեցնել քրգործը՝ պատճառաբանելով, թե հնարավոր չէ պարզել՝ ով կամ ովքեր են 19-ամյա զինվորին դրդել ինքնասպանության։

Որդեկորույս ծնողները պնդում են՝ պայքարելու են այնքան, մինչև հասնեն արդարության, երբ մեղադրյալի աթոռին նստած կտեսնեն, իրենց բնորոշմամբ, որդիներին սպանած անձանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG