Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից Հայաստանում գրանցված 4500 անուն դեղորայքի ուղիղ կեսը կվաճառվի բացառապես դեղատոմսով


Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Խոսքը, ի դեպ, միայն հակաբիոտիկների մասին չէ․ ցանկը մեծ է՝ հոգեմետից մինչև գլխացավի դեմ ընդունվող որոշ դեղեր:

Լրագրողների հարցին, թե փաստորեն ամեն անգամ դեղ գնելիս մարդը նախ պետք է բժշկի գնա, Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց՝ այո, դա կնպաստի նաև նրան, որ քաղաքացին սովորի հետևել իր առողջությանը:

Ընդ որում, ըստ Խաչատրյանի, դեղատոմսի հաստատված մի քանի ձև կկիրառվի, առանց որի դեղատներից դեղ չի վաճառվի․ - «Դեղատոմսի վրա պիտի գրված լինեն անպայմանորեն հիմնարկի անունը, նրա հասցեն, հեռախոսի համարը, այն բոլոր հատկանիշները, որոնք որ անհրաժեշտ է իդենտիֆիկացնելու դուրս գրող կազմակերպությունը: Անպայման գրված է լինելու բժշկի անուն-ազգանունը, անհատական որոշ տվյալներ, որոնք անհրաժեշտ են: Նախկինում եթե մեկ դեղատոմսը մարդը կարող էր օգտագործել մեկ անգամ, մեր նոր կարգի համապատասխան, կտանք այդ հնարավորությունը՝ բժիշներին որոշելու․ դեղը նշանակել ոչ թե վեց ամսով, այլ մեկ տարով: Ամեն վայրում թողնելու են պատճեն, և վերջին դեղատանը, որտեղից ամբողջ քանակը ձեռք են բերում, թողելու է իր դեղատոմսը: Սա է կարգը»:

Նա հավաստիացրեց, որ «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունումից հետո դեղերի թանկացում չի սպասվում: Հարցին, թե ինչպես են պայքարելու կեղծ դեղերի արտադրության ու ներկրման դեմ, պատասխանեց, թե Հայաստանում կեղծ դեղեր չեն վաճառվում, դրանք հիմնականում ներկրվում են Վրաստանից․ - «Էժան դեղերը, որ գալիս են Վրաստանից, մեծ հավանականությամբ, կարող են լինել ժամկետանց, ինչ-որ ձևով պարունակեն ոչ էն, ինչ որ պետք է: Դրա համար, զերծ մնալու համար պետք է վստահել համակարգին»:

Երևանի խոշոր դեղատնային ցանցերից մեկի աշխատակիցը, ով ներկայանալ չցանկացավ, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ցանցային դեղատները պարտվելու են․ - «Դիաբետի պրեպարատները պոլիկլինիկաներում անվճար տրվում ա, գաղտնիք չի, որ որակային առումով ոչ-նորմալ պրեպարատներ են, [ուստի] ոչ մեկը չի ստանում իրանցից, դեղատներից գնում են դեղսրայքը: Հիմա այս պարագայում ոչ մի դիաբետով հիվանդ չի գնալու բժշկին ասի՝ ինձ գրի իմ էս դեղը: Բժիշկը դուրս ա գրելու այն դեղը, որը որ տրվում ա պոլիկլինիկայից անվճար: Առհասարակ ես դեմ չեմ էս օրենքին: Անհանգստացնող ֆակտորները նրանք են, որ հիմնականում մեծ քանակությամբ դեղորայք կա, որ մնալու ա դեղատան աշխատողների վրա: Բնակչության հիսուն տոկոսը չի դիմելու բժշկի ու դադարեցնելու է դեղորայքի օգտագործումը: Հիմնականում անհատ դեղատներից են ձեռք բերում, իսկ անհատ դեղատներում էս կարգի խստությամբ չի գործում օրենքը»:

Անդրադառնալով մանկական մահացության դեպքերին՝ նախարարի տեղակալն ասաց, թե 0-5 տարեկան երեխաների մահվան դեպքերն այս տարի 22-ով նվազել են, իսկ 0-1 տարեկան երեխաների շրջանում մահվան բացարձակ թիվը 11-ով է կրճատվել է:

2016-ին մայրական մահացության 10 դեպք է գրանցվել, որոնցից 7-ի դեպքում մանկաբարձական պաթոգոիա չի եղել: Երեքի դեպքում նախարարի տեղակալն ընդունեց՝ բժիշկներն անփույթ են եղել:

«Ազատության» հարցին՝ անհեթեթ չէ, որ 21-րդ դարում ծննդկանը հենց հիվանդանոցում մահանում է արնահոսությունից, նախարարի տեղակալն արձագանքեց․ - «Եթե հարց եք տալիս, էդ հարց չի: Եթե ամաչացնում եք, ամաչեցի: Վատ ա եղել, ճիշտ եք ասում, վերահսկողությունը: Մենք դրա մասին խոսացել ենք, և խոսացել ենք շատ ավելի բարձր տոներով մարդկանց հետ, ովքեր դրա մեջ ներգրավված են եղել: Բայց մենք էս պահի դրությամբ այլ բան անել չենք կարող»:

XS
SM
MD
LG