Մատչելիության հղումներ

Օբամա․ «ԱՄՆ-ը կպատասխանի Ռուսաստանին՝ ընտրություններին միջամտելու համար»


Բարաք Օբամա, արխիվ

Բարաք Օբամա, արխիվ

Ռուսական կողմն «անհեթեթ» է որակում համացանցի միջոցով ԱՄՆ-ում կայացած ընտրություններին միջամտելու վերաբերյալ՝ Մոսկվային հասցեագրված մեղադրանքները:

Նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հանդեպ պատասխան գործողությունների է դիմելու՝ երկրում տեղի ունեցած ընտրություններին միջամտելու համար:

«Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ երբ որևէ օտար պետություն փորձում է միջամտել մեր ընտրություններին՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք: Դրա ժամանակը և տեղը մենք ենք ընտրելու: Մեր պատասխան գործողությունների մի մասը կարող է հրապարակվել, մի մասը՝ ոչ: Պարոն Պուտինը շատ լավ գիտի այս հարցում իմ վերաբերմունքը, ես նրան պարզ հայտնել եմ այդ մասին»,- հայտարարել է Օբաման:

Սպիտակ տունը վերջին օրերին հետզհետե ավելի վստահորեն է հայտարարում, որ անձամբ Պուտինն է կարգադրել հաքերներին՝ Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու նպատակով գրոհների ենթարկել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և նախագահության թեկնածուի կայքէջերը, այդպիսով նպաստելով հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրությանը: Կենտրոնական հետախուզական վարչությունն օրերս հայտնել է, որ ըստ մասնագետների, Ռուսաստանն իսկապես փորձել է նոյեմբերի 8-ի ընտրություններում աջակցել Թրամփին: Ընտրյալ նախագահ Թրամփն, ինչպես նաև Կրեմլը, բնականաբար, կտրականապես հերքում են այդ պնդումները:

Մինչդեռ, երկրի հետախուզական կառույցների բարձրաստիճան ծառայողներն այժմ հայտարարում են՝ «բարձր աստիճանի վստահությամբ կարելի է պնդել, որ Պուտինն անձամբ ներքաշված էր ընտրություններին միջամտելու փորձերի մեջ»: Մոսկվան ցանկանում է հաղթող տեսնել Թրամփին, քանի որ հանրապետական թեկնածուն խոստանում էր բարելավել Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների հետևանքով Ռուսաստանի հետ խիստ սրված հարաբերությունները:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել NBC հեռուստակայանի՝ ռուսների միջամտությանը վերաբերող ռեպորտաժը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի կոշտ է արձագանքել, հայտարարելով՝ «Ինձ ապշեցրել է հաղորդումը, որը տեսա հեռուստացույցով: Ավելացնելու բան չունեմ, դա բացարձակ հիմարություն է և դրանում որևէ մեկին համոզելու փորձերի անհեռանկար լինելն ակնհայտ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG