Մատչելիության հղումներ

Հայոց նոր պատրիարքի հավանական ընտրություններին ընդառաջ Ստամբուլում հանրային լսումներն են


Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պոլսո հայոց նոր պատրիարքի հավանական ընտրություններին ընդառաջ Ստամբուլի հայ համայնքում առաջին հանրային լսումներն են անցկացվել` քննարկելու արդեն ութ տարի այս գործընթացն արգելակող հանգամանքներն ու պատճառները:

Տարիներ շարունակ պատրիարք ընտրելու պահանջով հանդես եկած նախաձեռնողական հարթակը Ստամբուլի հայաշատ Ֆերիքյոյ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցու սրահում հանդիպել է շուրջ 300 համայնքային անդամների հետ, լսել կարծիքներ ու առաջարկներ, ինչպես նաև հանդես եկել հայտարարությամբ:

«Ակօս» պարբերականի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում համայնքի անդամներից մեկը նշել է, որ պատրիարքի ընտրության հարցը պետք է բարձրացվի թուրքական խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորների կողմից:

Ի պատասխան` սրահում ներկա Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել է, որ համայնքի ներքին խնդիրներն իրենց օրակարգում են, սակայն իրատեսական չէ սպասել, որ դրանք լուծում կստանան Միլի մեջլիսում:

Հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ, հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող ներկայիս պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել`օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:

Ընդհանուր ժողովը որոշում էր կայացրել դիմում հղել թուրքական պատկան մարմիններին` նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Ըստ օրենքի, պատրիարքի ընտրության թույլտվություն իրավասու է տալ Ստամբուլի նահանգապետարանը` այն համաձայնեցնելով ներքին գործերի նախարարության հետ:

Համայնքի անդամների հետ հանդիպման նախաձեռնողները, պնդելով, որ այդ գործընթացում մինչ օրս առաջխառացում չկա, կրկին բարձրաձայնել են բազմիցս հնչեցրած պահանջը` այն է անհապաղ նոր պատրիարք ընտրել քվեարկության ճանապարհով համաձայն եկեղեցական ավանդույթների:

«Ուզում ենք ճանաչել բոլոր թեկնածուներին, իմանալ, թե ինչ մոտեցմամբ են ծառայելու համայնքին: Մենք ընդհամենը ցանկանում ենք մեր պատրիարքին ընտրել, օգտագործել մեր ժողովրդավարական իրավունքը», -ասած է ժողովի վերջում արված հայտարարության մեջ:

Նշենք, որ պատրիարքի ընտրության շուրջ համայնքային քննարկումները շարունակական բնույթ են կրելու և անցկացվելու են Ստամբուլի հայաշատ մյուս թաղամասերում ևս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG