Մատչելիության հղումներ

«Էրեբունի» թանգարանն ու Պետական Էրմիտաժը համագործակցության համաձայնագիր են ստորագրել


«Ազատությունը» զրուցել է «Էրեբունի» պետական պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (IKOMOS) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Գյուրջյանի հետ:

Թանգարանի տարածքում ոչ միայն ակտիվ հնագիտական աշխատաներ աշխատանքներ են կատարվում, այլև ժամանակ առ ժամանակ ուշագրավ ցուցահանդեսներ են բացվում, որոնցից վերջինը նվիրված էր Բորիս Պիոտրովսկու հիշատակին:

«Խրոնոլոգիայով ներկայացված է ամբողջ պատմությունը՝ սկսած Նիկողայոս Մառից, Օրբելուց․․․ Էրմիտաժում մենք բազմաթիվ փաստաթղթեր ունենք: Եվ հետաքրքիր է, որ երբեք չի եղել մի դեպք, որ մենք պահանջենք, խնդրենք էդ փաստաթղթերը և նրանք սիրահոժար չտրամադրեն: Ե՛վ Էրմիտաժը, և՛ Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանը, որտեղից մենք նույնպես բազմաթիվ նյութեր ունենք, որ հիմա մեզ մոտ չի պահպանվել: Փառք Աստծո, որ դրանք այնտեղ են եղել: Փաստորեն մենք բավական հարստացրեցինք մեր արխիվը այնտեղից բերված նյութերով», - նշեց Գյուրջյանը:

«Էրեբունի» թանգարանը այսուհետ վերսկսելու է ակտիվ համագործակցությունը Էրմիտաժի մասնագետների հետ: Ժամանակին, դեռ խորհրդային տարիներին, Էրմիտաժի նախկին տնօրեն Բորիս Պիոտրովսկին հայ մասնագետների հետ մեծաքանակ պեղումներ է իրականացրել, բայց ահա անկախության տարիներին այդ կապերն էին այդքան էլ աշխույժ չէին:

«Էդ ակտիվությունը ավելի շատ վերջին 5-6 տարիներին եղավ», - նշեց տնօրենը:

Օրերս Էրմիտաժի ղեկավարությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ոչ միայն Հայաստանի Մշակույթի նախարարության, այլև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ:

Գագիկ Գյուրջյանը մանրամասնեց․ - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որի համակարգում գտնվում է նաև Կարմիր բլուրը, ստորագրել ենք համագործակցության մի փաստաթուղթ, ըոտ որի, Միխայիլ Պիոտրովսկին առաջարկեց համատեղ ստեղծել մի ամբողջական կատալոգ Կարմիր բլուրից հայտնաբերված արտեֆակտերի: Գաղտնիք չէ, որ դրանք գտնվում են տարբեր թանգարաններում: Հետևաբար այդ բոլորի ամբողջական ներկայացումը մի կատալոգի մեջ, կլինի բավական լուրջ մի հավաքածու, որը ամբողջական կներկայացնի Կարմիր բլուրը»:

«Էրեբունի» արգելոց-թանգարանը, իհարկե, համագործակցում է նաև այլ երկրների հնագետների և հնագիտական արշավախմբերի հետ: Այդ համագործակցությունը հնարավոր է դարձել անկախության տարիներին․ - «Դրան պատրաստ են մասնակցել նաև ֆրանսիական արշավախումբը, որը մեզ մոտ պեղումներ է իրականացնում, այդ թվում է նաև «Պերսեպոլիս» թանգարանը Իրանի և պարսիկ հնագետները, որոնք մեծ ցանկություն ունեն համատեղ, միջազգային արշավախմբով մասնակցել մեր պեղումներին»:

Հարցին, թե արդյոք դեռ շատ բան կա պեղելու Կարմիր բլուրում, Գյուրջյանը պատասխանեց․ - «Կարմիր բլուրը զբաղեցնում է 40 հեկտար տարածք: Այդ 40 հեկտարից պեղված է ընդամենը 3.5-4 հեկտար: Հիմա ևս պեղվեց մի հինգ հեկտար այդ ճանապարհի կապակցությամբ: Մոտավորապես 80 տոկոս դեռ պեղումների հնարավորություն կա այնտեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG