Մատչելիության հղումներ

Վրացական լարին և ադրբեջանական մանաթը սրընթաց արժեզրկվում են


Տարադրամի փոխանակման կետ Բաքվում, արխիվ
Տարադրամի փոխանակման կետ Բաքվում, արխիվ

Եթե Ադրբեջանում մանաթի փոխարժեքի անկման թեմայով հրապարակային քննարկումներ գրեթե չեն ծավալվում, ապա Վրաստանում լարիի ցածր փոխարժեքը կառավարության և ընդդիմության միջև ծավալված սուր բանավեճի հիմնական թեման է դարձել:

Վրացական լարին և ադրբեջանական մանաթը շարունակում են պատմական հակառեկորդներ սահամնել: Ամերիկյան մեկ դոլարի դիմաց այսօր Թբիլիսիի փոխանակման կետերում 2,66 լարի էին վճարում, իսկ Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից մի քանի ժամ առաջ անցկացված արտարժութային աճուրդի ընթացքում տեղական արժույթի փոխարժեքը հասավ պատմական նվազագույն ցուցանիշի` 1,75 մանաթ՝ ամերիկյան մեկ դոլարի դիմաց: Փոխանակման կետերում, սակայն, դոլարի փոխարժեքն ավելի բարձր է` ընդհուպ մինչև 1,95 մանաթ:

Բայց եթե Ադրբեջանում մանաթի փոխարժեքի անկման թեմայով հրապարակային քննարկումներ գրեթե չեն ծավալվում, ապա Վրաստանում լարիի փոխարժեքը կառավարության և ընդդիմության միջև ծավալված սուր բանավեճի հիմնական թեման է դարձել: Կրքերը թեժացան հատկապես վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի այսօր` կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությունից հետո:

«Վրացական լարին 2012 թվականից ի վեր արժեզրկվել է շուրջ 60-65 տոկոսով: Դա իհարկե լավ չէ, սակայն, հաշվի առնելով Վրաստանի տնտեսական զարգացման դինամիկան, նույնիսկ բնակչության սոցիալական վիճակին հակառակ, մեր երկիրը բավական լավ վիճակում է, և մենք ի վիճակի ենք զարգացման կարևորագույն ծրագրերի մասին խոսել» - նշել է Կվիրիկաշվիլին:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, մինչդեռ, համոզված են` լարիի չդադարող արժեզրկման ֆոնին հնչող նման հայտարարությունները վկայում են կառավարության և դրա ղեկավարի «անհամարժեքության» մասին: Ընդդիմադիրներին հատկապես դուր չի գալիս այն հանգամանքը, որ կառավարության անդամները պնդում են, թե լարիի արժեզրկումը հիմնականում ոչ թե ներվրացական, այլ տարածաշրջանային միտումների արտացոլումն է: Վրաստանի իշխանությունները պարբերաբար հիշեցնում են նաև տնտեսապես անհամեմատ ավելի հզոր Ադրբեջանում ծավալված նույնատիպ գործընթացների մասին:

«Տարածաշրջանային գործոններ վկայակոչելը սխալ է: Ի վերջո՝ Վրաստանը կառավարություն ունի, և այդ կառավարությունը պարտավոր է վերջին զարգացումներին համարժեքորեն արձագանքել: Մենք արդեն երեք տարի է հուշում ենք կառավարությանը, թե ինչ է հարկավոր անել, սակայն, գործադիր իշխանությունը զբաղված է տրամագծորեն հակառակ քայլեր իրականացնելով»,- հայտարարել է ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամներից Զուրաբ Չիաբերաշվիլին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ծավալվող ֆինանսական ճգնաժամին, ապա տեղի փորձագետները համոզված են, որ տնտեսական խորքային խնդիրներից բացի, մանաթի արժեզրկմանը նպաստեցին նաև վերջին օրերի մի շարք զարգացումները: Նախ՝ աշխարհի ամենահեղիանկավոր վարկանիշային գործակալություններից մեկը՝ Fitch-ը, հրապարակեց հետխորհրդային տարածքում գործող բանկերին նվիրված իր գնահատականը, նշելով, որ, ի տարբերություն կայունության որոշակի պաշար ունեցող Վրաստանի ու Հայաստանի բանկային համակարգերի, ադրբեջանական ֆինանսական շուկայում առաջիկա ամիսներին գերակշռելու են բացասական միտումները:

Երեկ էլ Միացյալ Նահանգների գլխավոր ֆինանսական կառույցը` Դաշնային պահուստային համակարգը, բարձարցրեց բազային տոկոսադրույքի չափը: Դա, ըստ բաքվեցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիի, չի կարող չազդել նաև այլ երկրների ֆինանսական համակարգերի վրա: «Կարծում եմ, որ ադրբեջանական մանաթի փոխարժեքը Միացյալ Նահանգներում կայացված որոշումից հետո կշարունակի անկում ապրել», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կանխատեսել է Ջաֆարլին:

«Թուրանի» հետ զրույցում էլ տնտեսագետ Վուգար Բայրամովն ասել է` «ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի որոշումն անխուսափելիորեն ազդելու է մանաթի փոախարժեքի վրա: Եթե Կենտրոնական բանկն առաջիկա օրերին չկարողանա վերացնել շուկայում առկա հոգեբանական ճնշումը, ապա մանաթի արժեզրկումը ավելի սրընթաց բնույթ կստանա»:

Ադրբեջանցի տնտեսագետը հավելել է՝ «Ադրբեջանի Կենտրոնական բանկը մանևրելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի: Ադրբեջանում նկատվող դոլարի պակասուրդի ֆոնին ճնշումը մանաթի նկատմամբ ուժեղանում է, և տարեվերջը ԿԲ-ի համար ծանր է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG