Մատչելիության հղումներ

ՔԿ. Ավարտվել է սերժանտի սպանության դեպքով նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 5 անձի


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, բացահայտվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

«2016 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:Վերջինս «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի [սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը] հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները, շարժառիթը առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սերժանտը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2016 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի ճաշարանում հնչեցրած դիտողության պատճառով առաջացած վիճաբանության արդյունքում։ Դիտողության շուրջ վիճաբանությունն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի՝ մի շարք այլ զինծառայողների մասնակցությամբ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոստքերով տարբեր հարվածներ են հասցվել Հակոբ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ապա նաև՝ դանակով՝ նրա կրծքավանդակի ձախ հատվածին։

Քննչական կոմիտեն նշում է, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ նույն միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառվել նաև այլ զինծառայողների։ Քննությամբ հստակեցվել է մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

«Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին [սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը] մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ [զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից] կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Պ.Վարդիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին,

Ս.Կարապետյանին՝ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Յու.Սերոբյանին՝ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և Վ. Գրիգորյանին՝ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG