Մատչելիության հղումներ

ՀԿ-ները պահանջում են Արծրունու գործով «պատասխանատվության ենթարկել զանցառուներին»


Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը պահանջում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Գեորգի Կուտոյանից՝ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու ԱԱԾ-ի կողմից «ՆԿՎԴ-ԿԳԲ»-ի գործելաոճը, վարչական քննության ենթարկել Վահան Արծրունու հետ կապված այս միջադեպը և պատասխանատվության ենթարկել զանցառուներին»:

ՀԿ-ների համատեղ հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հայտնի երաժիշտ Վահան Արծրունին հայտարարել է, որ իրեն երկու օր առաջ զանգահարել է Գրիգոր անունով մեկը, ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հրավիրել է զրույցի ԱԱԾ: ԱԱԾ-ում մոտ 40 րոպե տևած զրույցի ընթացքում Վահան Արծրունուն տվել են այնպիսի հարցեր, որոնցով կամեցել են պարզել նրա քաղաքական դիրքորոշումը, մասնակցե՞լ է արդյոք հանրահավաքների և այլն: Հարցաքննությունը չի արձանագրվել, Վահան Արծրունուն չեն իրազեկվել նրա իրավունքները հրավերի և ոչպաշտոնական հարցաքննության ընթացքում: ԱԱԾ-ում ունեցած զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է»։

Լրագրողական և իրավապաշտպան վերոնշյալ կազմակերպությունները տեղի ունեցածը գնահատում են «որպես ոչ միայն քաղաքացու ազատությունների և իրավունքների կոպիտ ոտնահարում, այլև անթաքույց ահաբեկում, ենթադրաբար, այն հաշվով, որ մարդիկ խուսափեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնագրաքննվեն, չմասնակցեն այն հավաքներին, որոնք անցանկալի են իշխանությունների համար, դադարեն քաղաքացի լինել և վերածվեն հարկատու կամակատարների»:

«ԱԱԾ-ն քաղաքացուն առանց ծանուցագրի հրավիրելով ոչ պաշտոնական հարցաքննության, կատարել է անօրինական գործողություն, ինչը պետք է իրավական և քաղաքական գնահատականների արժանանա հասարակական, քաղաքական ուժերի և Հայաստանի գլխավոր դատախազության կողմից: ԱԱԾ ղեկավար Գ.Կուտոյանից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ԱԱԾ-ի կողմից «ՆԿՎԴ-ԿԳԲ»-ի գործելաոճը, թույլ չտալու համար քաղաքացիների նկատմամբ ապօրինություն, դադարեցնել քաղաքացիների ահաբեկման պրակտիկան, վարչական քննության ենթարկել Վահան Արծրունու հետ կապված այս միջադեպը և պատասխանատվության ենթարկել զանցառուներին», - հայտարարում են կազմակերպությունները՝ շարունակելով. - «ԱԱԾ պաշտոնյաները պետք է գործեն բացառապես ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին համապատասխան, հասկանան, որ ՀՀ ազգային անվտանգության հենքը ազատ քաղաքացիներն են և նրանցով ստեղծված իրավական պետությունը, և ոչ թե վերադաս իշխանությունը ու իրավազուրկ քաղաքացին: Ազգային անվտանգության հաստատման համար հարկավոր է քաղաքացուն պաշտպանել անօրեն իշխանությունից և ոչ թե անօրեն իշխանությանը՝ ազատ քաղաքացիներից»:

Երաժիշտ Վահան Արծրունուն օրերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայության․ երաժշտի խոսքով՝ առանց հստակեցնելու, թե ինչ գործի շրջանակում և ինչ կարգավիճակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG