Մատչելիության հղումներ

Կառավարության առջև հավաքված գործարանի նախկին աշխատողները նշեցին, որ իրենք դեռ անցած տարի դիմել էին Կարապետյանին՝ կասեցնելու ՀԷՑ-ի դատական հայցը, որով վերջերս «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչվեց։

Մեջբերումներ անելով նամակից՝ նաիրիտցիներն ասացին, թե Սամվել Կարապետյանը շեշտել է այն փաստը, որ ՀԷՑ-ը դատարան էր դիմել դեռ 2015-ի ապրիլին, իսկ «Տաշիր գրուպ»-ն այդ ընկերությունը գնել է ավելի ուշ։

«Սամվել Կարապետյանն ասում է, որ գործող օրենսդրությամբ սնանկության գործընթացը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով: Ուղղություններից մեկը, օրինակ, սնանկության գործով կառավարչի կողմից իրականացվող հնարավոր առողջացման ծրագիրն է: Բայց արդեն սնանկ են ճանաչել, և հետո ինքը իրավասու չէ սա ասել: Սա ինքը կարող է ուղղակի ենթադրել, բայց թե ինչ կլինի, նա չի կարող ասել», - ասաց համակարգող խմբի անդամ Կարինե Շավերդյանը:

Նամակի պատասխանից նախկին նաիրիտցիները չեն հուսալքվում։ Նրանց պահանջն այսօր էլ երբեմնի քիմիական հսկան վերագործարկելն է։ Շահվերդյանի խոսքով՝ այդ գործին «Տաշիր Գրուպ»-ը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր, չի միջամտելու։ Սա իր նամակում վստահեցրել է Կարապետյանը․ - «Վերջում Սամվել Կարապետյանն ասում է՝ անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի «Նաիրիտ» գործարանի հնարավոր առողջացմանը»:

Նամակում տեղ գտած պատասախանը բավարար չհամարելով՝ նախկին գործարանի աշխատակիցներն առաջիկա օրերին կրկին դիմելու են Սամվել Կարապետյանին։

Հիշեցենք, որ գործադիրը «Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացող ներդրողների համար մրցույթ է հայտարարել մինչև հունվարի 20-ը։ Էներգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների նախարարի մամլո քարտուղար Վասակ Թարփոշյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ ներկայացված հայտեր առայժմ չկան։

Մինչ այդ նախկին աշխատակցներին նոր դատական նիստեր են սպասվում։ Այս անգամ հայցվորն իրենք են․ պահանջում են անօրինական ճանաչել այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են՝ հրաժարվելով տույժ տուգանքներից, որպեսզի ստանան աշխատավարձը։ Պնդում են, թե իրենց խաբել են՝ խոսք տալով, որ գործարանը նորից կաշխատի։

«Երվանդ Զախարյանը դուրս եկավ, մեզ խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը Ձեր աշխատավարձերը բոլորդ կստանաք: Հետո անցնում է մեկ շաբաթ, մեզ պայմանագիր են բերում՝ պետք է ստորագրենք, եթե չստորագրեք, գումար չեք ստանա, ո՚չ աշխատավարձ, ո՛չ տոկոս: Շանտաժի ենթարկեցին մեզ․․․ Ստիպված ստորագրեցինք պայմանագիրը, հիմա մենք պահանջում ենք մեր տույժ-տուգանքները», - ասաց գործարանի նախկին աշխատակիցներից մեկը:

Առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին։

Նաիրիտցիները նաև ասացին, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը 25 հայցից առայժմ ընդունել է միայն 3-ը։

XS
SM
MD
LG