Մատչելիության հղումներ

Վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց գրեթե բոլոր գերտեսչություններին


Հասարակության կողմից կառավարությանն ու վարչապետին ուղղված խնդիրները, հաճախ վերահասցեագրվել են համապատասխան գերատեսչություններին, սակայն գերատեսչություններից ստացված պատասխանները չեն գոհացրել վարչապետին։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերին անցնելը։

«Երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների ուղղությամբ գործուն քայլեր պարունակող միջոցառումների, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերին կամ բյուջետային ծախսերի ավելացմանը», - ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, խնդրի նկատմամբ միայն գերատեսչության տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանելով։

«Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում, այդ առումով հանձնարարում են կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը», - ասաց վարչապետը։

Վարչապետը հայտարարեց, որ նախարարությունները պատշաճ չեն կատարել նաև տարեկան ծրագրերի կետերին ու գերակա խնդիրներին վերաբերող առաջարկությունները։

«Ինչ վերաբերում է նախարարությունների ներկայացրած տարեկան ծրագրերին ու գերակա խնդիրներին. վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափերի, քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ, այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու։ Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում, հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրի կետերն ու գերակա խնդիրները», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG