Մատչելիության հղումներ

Փաստաբան․ «Հաց բերողի» առողջական վիճակը ծանր է


Արթուր Սարգսյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը, արխիվ:
Արթուր Սարգսյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը, արխիվ:

«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի ազգականներն ու պաշտպանները ահազանգում են, որ Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարգսյանի առողջական վիճակը ծանր է:

Նրանք պնդում են, որ Նուբարաշենի բանտում պահվող 48-ամյա Սարգսյանի նկատմամբ իշխանությունը անտարբերություն է ցուցաբերում։

«Ազատության» հետ զրույցում պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ նման վերաբերմունքն իրենք խոշտանգում են որակում․ - «Ինքնին համապատասխան պայմանների անհրաժեշտություն ունեցող անձանց նման պայմաններ չհատկացնելը և անհրաժեշտ բուժման չտրամադրումը, կամ ժամանակին կամ պատշաճ չտրամադրումը առաջացնում է [Մարդու իրավունքների եվրոպական] կոնվենցիայի երրորդ հոդվածով նախատեսված անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտում»:

ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին Արթուր Սարգսյանը, ըստ իրավապահների, ճեղքել էր ոստիկանական շղթան և սնունդ տարել այնտեղ գտնվող զինված խմբի անդամներին։

Նա, ինչպես վկայում են բժշկական փաստաթղթերը, մի շարք հիվանդություններով է տառապում։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել։

«Ծանր է վիճակը: Հակառակ դեպքում մենք բոլոր հնարավոր մարմիններին չէինք դիմի՝ պետական մակարդակում առնվազն, և չէինք նախապատրաստի Եվրոպական դատարանի դիմում: Ընդամենը դինամիկան առկա հիվանդությունների նկատմամբ ուշադրության բացակայության և պահման պայմանների, ինչպես նաև միգուցե այլ հանգամանքների ազդեցության արդյունքում զարգացած հիվանդությունների, ցույց է տալիս, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի նկատմամբ պետությունը իր բոլոր պատկան մարմինների մակարդակում դրսևորել է անտարբերություն»:

Պաշտպաններն օրեր առաջ ահազանգել էին, որ Սարգսյանի մոտ ստամոքսի արյունահոսություն էր սկսվել։ Նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն և մի քանի ժամ անց վերադարձրել բանտ։

Եգորյանի համոզմամբ՝ որպեսզի վիճակը կայունանա, ստացիոնար բուժման կարիք կա քաղաքացիական հիվանդանոցում․ - «Նրա մոտ անհամատեղելիություն է առկա բանտային պայմաններում պահվելու՝ հաշվի առնելով ինչպես արդեն իսկ առկա իր մոտ հիվանդությունները, այնպես էլ այս զարգացած հիվանդությունները»:

Փաստաբանն ասաց, թե պաշտպանյալին բանտում պահում են չջեռուցվող խցում․ - «Ամսի 12-ի դրությամբ նույնիսկ էդ կենտրոնացված ջեռուցումը միացված չէր ո՛չ իմ վստահորդի պահման խցում, ո՛չ տեսակցությունների սենյակում»:

Մինչդեռ Արդարդատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունն այսօր հայտարարեց, որ Արթուր Սարգսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անհրաժեշտ մի շարք հետազոտություններ է անցել․ ախտորոշվել է «էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում:

Ըստ ՔԿՎ հանրային կապերի բաժնի, Արթուր Սարգսյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը:

Պաշտպան Եգորյանը, սակայն, պնդում է, որ առայսօր իրենց չեն տրամադրվել պաշտպանյալի առողջական խնդիրների վերաբերյալ փաստաթղթերը, և դեկտեմբերի 12-ի դրությամբ նա դեղորայքային բուժում չէր ստացել։ Եվ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ահազանգելուց հետո են տեղեկացել, որ բուժումը սկսվել է:

Օմբուդսմենի գրասենյակն այսօր տարածած հաղորդագրությունում նշել է, որ Արթուր Սարգսյանին այցելելուց հետո որոշում են կայացրել քննարկել նրա փաստաբանի բողոքը: «Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝ կապված Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ», - ասված է հաղորդագրությունում:

Արդեն 5 ամիս ճաղերի հետևում գտնվող Արթուր Սարգսյանին պաշտպանների բողոքները նրան կալանքից ազատ արձակելու մասին, դատարանները արդեն մի քանի անգամ մերժել են։ Եղբայրը՝ Արսեն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ազատության մեջ ինքն ու մայրն էին խնամում հաշմանդամ եղբորը, այժմ նա առանց խնամքի է մնացել:

XS
SM
MD
LG