Մատչելիության հղումներ

Սպորտի անկուսակցական նախարարն վրդովվեցրեցին լրագրողների հարցերը կուսակցությունների մասին


Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը դեռ չի որոշել՝ կհետևի՞ արդյոք մյուս նախարարի օրինակին՝ անդամակցելով Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին Հրաչյա Ռոստոմյանը նշեց իր պաշտոնավարման 100 օրը ամփոփող ասուլիսի ժամանակ։

Անկուսակցական նախարարին վրդովվեցրեցին լրագրողների հարցերը կուսակցությունների մասին։

«Եկեք վերջ տանք այս հարցերին, սպորտը ապաքաղաքական ոլորտ է», - հորդորեց Ռոստոմյանը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվում են՝ արդյոք վարչապետը ճիշտ կընկալի իր ասածը։ Վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո 5 նախարար համալրեց իշխող կուսակցության շարքերը։

«Ինձ թվում է՝ պարոն վարչապետին որ հարցնեք՝ ինքը կարող է անկեղծ ասի», - նշեց նա:

«Ազատությունը» Ռոստոմյանից հետաքրքրվեց՝ Հանրապետականին անդամակցելու հարցում իր դանդաղկոտությունը պայմանավորվա՞ծ է արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությամբ, արդյո՞ք իր նախապատվությունը կկանգնի ԲՀԿ-ի վրա։ Բացի սպորտի նախարար լինելուց Ռոստոմյանը նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն է։

«Մենք պարոն Ծառուկյանի հետ քաղաքական հարց չենք քննարկել: Մեր հանդիպումների ընթացքում բացառապես սպորտային հարցեր են և նեղ անձնական», - նշեց նախարարը ու հետաքրքրվեց․ - «Ինչո՞ւ, պարոն Ծառուկյանը ԲՀԿ է վերադարձե՞լ»:

Այլ հարցերի շարքին էր պատկանում Հրաչյա Ռոստոմյանի և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռակա կոնֆլիկտը։ Նախարարի այն խոսքից հետո, որ ինքը պատրաստվում է որակյալ ֆուտբոլային մասնագետներով համալրել թիմը, Հայրապետյանը նրան խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբուժությամբ։ Նախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ իր և Հայրապետյանի ջուրը մեկ առվով չի հոսում։

«Ջրեր չունենք, որ մի առվով գնան: Ինքն ա ջրի բիզնես անում, ես ջրի բիզնես չունեմ, որ մի առվով գնա կամ չգնա: Դա՝ մեկ: Ես իմ գործընթացը և իմ իրավունքները լավ գիտեմ, և ես շարունակելու եմ իմ ասած բոլոր խոսքերը, որ ասել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերյալ՝ դա տանել առաջ», - պատասխանեց Ռոստոմյանը:

Ճշտող հարցին՝ հանդիպե՞լ է արդյոք Ռուբեն Հայրապետյանի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է նախարարությունը աջակցել ֆուտբոլին, նախարարն ասաց՝ ոչ, ցանկություն չունի:

Հասնելով արդեն սպորտին՝ Ռոստոմյանը խոսեց 2016-ից, այն բնորոշելով որպես օլիմպիական ձեռքբերումների տարի։ Հիշեցմանը, թե նախկին չեմպիոններից 2-ը՝ ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը արգելված խթանիչների օգտագործման պատճառով պետք է ետ վերադարձնեն օլիմպիական մեդալները, նախարարը պատասխանեց․ - «Մենք հանձնաժողով ենք ստեղծել, որը կպարզի, թե ինչպես և ովքեր են մեղավոր, որ այդ դեղը հայտնվել է մեր սպորտսմենների օրգանիզմի մեջ: Իհարկե, ցավում ենք, որ պետք է վերադարձնենք, բայց միջազգային օլիմպիական օրենքին մենք դեմ չենք գնա»:

Սա, ըստ Ռոստոմյանի, վնաս չի հասցնի հայ ծանրորդների վարկանիշին և չի վտանգի հաջորդ օլիմպիադային նրանց մասնակցությունը։ Ռոստմյանը նաև նշեց, որ ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի դպրոցը, որտեղ վերջինս մարզվել է, շուտով կվերանորոգվի: Նախագիծը, նախարարի խոսքով, գրեթե պատրաստ է, մնում է Գյումրիում շինարարության համար անհրաժեշտ եղանակային պայմաններ լինեն։

«Ապրիլին սկսելու ենք», - վստահեցրեց Ռոստոմյանը:

Նշենք, որ 2006 թվականից ի վեր խիստ անմխիթար պայմաններում գտնվող դպրոցի վերանորոգման նախագծեր են կազմվել, նախագիծ-նախահաշիվ է ներկայացվել, սակայն այդպես էլ բյուջեից ֆինանսական հատկացումներ չեն արվել:

XS
SM
MD
LG