Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի համոզմամբ, եթե Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյան հետ նախընտրական դաշինք ձևավորվի, ապա այն լավ դաշինք կլինի:

«Ազատության» հետ զրույցում Օսկանյանը տեղեկացրեց, որ այս պահին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, ինչպես նաև անհատների հետ: Հանդիպել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սակայն, վերջինս դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

«Ազատություն». - Պարոն Օսկանյան, որոշակի տեղեկությունների համաձայն, ձեզ [«Համախմբում» կուսակցությանը] կարող ենք տեսնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան այս հնարավոր դաշինքում։ Դուք այս անձանց հետ ձեր համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք։

Օսկանյան. - Ես չգիտեմ, թե Սեյրան Օհանյանն ինչպիսի որոշում կկայացնի, կմտնի՞ այդ գործընթացների մեջ, թե՞՝ ոչ։ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ես հանդիպել եմ, նորից կհանդիպեմ, որոշ քննարկումներ այնտեղ մենք ծավալում ենք։ Սեյրան Օհանյանի նկատմամբ իհարկե մեծ հարգանք ունեմ, մենք միասին աշխատել ենք, շատ դրական եմ վերաբերվում, եթե ինքը որոշի մտնի քաղաքականություն և մասնակցի խորհրդարանական ընտրություններին, և ինչո՞ւ ոչ, նրա հետ համագործակցությունը ես տեսնում եմ։ Եվ կարծում եմ, որ եթե իրոք այդ եռյակը, որ Դուք թվարկեցիք, եթե այդպիսի դաշինք ստեղծվի, ես կարծում եմ, որ դա բավական լավ դաշինք կլինի։ Ժամանակը ցույց կտա՝ նման զարգացումներ կլինե՞ն, թե՞՝ ոչ։

«Ազատություն». - Բայց հանդիպե՞լ եք Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

Օսկանյան. - Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել եմ, Սեյրան Օհանյանի հետ էլ եմ հանդիպել, բայց դեռևս Սեյրան Օհանյանն ինքն իր վերջնական որոշումը չի կայացրել։

Իշխող Հանրապետականում, սակայն, կարծում են, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իրենց կուսակցության դեմ չի պայքարի: Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ, դա բխում է ժողովրդի շահերից:​

Մելիքյան. - Ես ուղղակի այդպես եմ մտածում և ցանկանում եմ, որ լինի այդպես, որովհետև այդպես է անհրաժեշտ՝ մեր երկրի, մեր պետության շահերը պաշտպանելու համար։ Ես կարծում եմ, որ դա շատ ավելի ճիշտ կլինի՝ մեր ժողովրդի շահերից ելնելով։

«Ազատություն». - Հանրապետականին դեմ գնալը ժողովրդի շահերին դե՞մ է։

Մելիքյան. - Խնդիրը Հանրապետականին դեմ գնալը չէ։ Հանրապետականը երբևէ՝ ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին, ո՛չ երկրին դեմ որևէ քայլ չի արել։ Թե նա ո՞ւմ դեմ դուրս կգա, ի՞նչ հայտարարություններ կանի, դա արդեն իր խնդիրն է։

«Ազատություն». - Բայց Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ նա ընդդիմադիր կարող է դառնալ։

Մելիքյան. - Հնարավոր համարում ենք, թե՞ հնարավոր չենք համարում, մի՞գուցե նաև աղոթենք, մի՞գուցե նաև չաղոթենք... կարծում եմ, որ Ձեր հարցերի պատասխանն՝ ավելի ճիշտ կլինի աղոթել, մանավանդ դաշինքում կան նման առաջարկություններ ևս, կարծում եմ։

«Ազատություն». - Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն եք ակնարկում։

Մելքումյան. - Ոչ մեկին չեմ ակնարկում։

Ւշխող Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մինչդեռ խուսափեց որևէ գնահատական տալ պաշտպանության նախկին նախարարի քաղաքական ակտիվությանը:

Շարմազանովը, սակայն, ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ովքեր են ընդդիմադիր դաշտի ամենահավանական ֆավորիտները:

Շարմազանով. - Ինչ վերաբերում է պարոն Օսկանյանին, երկու արտգործնախարարների և մեկ նախկին պաշտպանության նախարարի հնարավոր եռյակ-դաշինքին, ապա դա իրենց խնդիրն է, ես դա ո՛չ մեկնաբանելու, ո՛չ ողջունելու, ո՛չ էլ չողջունելու խնդիր չեմ տեսնում։

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հանրապետականը չփորձեց Սեյրան Օհանյանին հենց իր շարքերն ընդգրկել, իր ցուցակով մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին։ Հնարավո՞ր է, որ նրան փորձեք ընդգրկել ձեր [Հանրապետական կուսակցության] համամասնական ցուցակում։

Շարմազանով. - Տեղյակ չեմ։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Օհանյանը նեղստրած չի հեռացել իր պաշտոնից, և դրա ապացույցն էլ այն չէ, որ նա քաղաքական իր ապագան փորձում է շարունակել այլ ուժերի հետ, Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, թե չի կարծում։ Ավելին, ըստ նրա, Սեյրան Օհանյանին առաջարկվել է մի շարք պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, բայց Օհանյանը հրաժարվել է:

Մելիքյան. - Այդ մասին բազմիցս հայտարարվել է, նույնիսկ առաջարկություն է եղել, որ ինքը ղեկավարի Գլխավոր շտաբը և այդ մասին բացահայտ հայտարարվել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

«Ազատություն». - Գուցե՞ ավելի ցածր պաշտոն է, քան պաշտպանության նախարարը, դրա համար նա չի ցանկացել գնալ ավելի ցածր պաշտոնի։

Մելիքյան. - Չեմ կարծում, դրանք հավասարազոր պաշտոններ են, նա քաղաքական պաշտոն է՝ նախարարի պաշտոնը, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ ռազմական։

«Ազատություն». - Այսինք, Սերժ Սարգսյանը միևնույն է նրան ուզում էր պահել Զինված ուժերում, բանակում։

Մելիքյան. - Իսկ ինչո՞ւ ոչ։

Շարմազանովն էլ նշեց, թե Սեյրան Օհանյանի խոսնակը չի եղել և չի կարող վերլուծել՝ նա նեղսրտած է հեռացել պաշտոնից՝ տեղը զիջելով Վիգեն Սարգսյանին, թե՞՝ ոչ: «Ես չեմ կարող զգացմունքաբարոյական վերլուծության ենթարկել, թե ով է նեղացած, ով՝ ոչ։ Դուք կարող եք, հնարավորություն կունենաք Սեյրան Օհանյանին այդ հարցն ուղղել», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անցած հոկտեմբերին պաշտոնը թողնելուց հետո առայսօր հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել։

XS
SM
MD
LG