Մատչելիության հղումներ

Արթուր Սարգսյանը գտնվում է ՔԿՀ բժիշկների հսկողության տակ. ՔԿՀ-ն պարզաբանում է


Արթուր Սարգսյան, արխիվ
Արթուր Սարգսյան, արխիվ

Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժինը «Սասնա ծռեր»-ին հաց տարած 50-ամյա Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօր պարզաբանում է տարածել։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «11.12.2016թ. «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: 12.12.2016թ.՝ 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն և «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ֆիբրոգաստրոսկոպիա, որովայնի ռենտգեն հետազոտություն, արյան լաբորատոր քննություններ: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է՝ «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Սահմանվել է դինամիկ հսկողություն, նշանակվել է համապատասխան բուժում՝ «Քվամատել» և «Ֆոսֆոլյուգել» կիրառմամբ»:

Ըստ ՔԿՎ հանրային կապերի բաժնի, ներկայումս Արթուր Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկիի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արդարադատության նախարարությունից պարզաբանումներ էր պահանջել Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ։

Օմբուդսմենի աշխատակազմի այսօրվա հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ դեկտեմբերի 12-ին օմբուդսմենին է դիմել Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Արթուր Սարգսյանն ունի առողջական խնդիրներ:

«Նույն օրը պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Արթուր Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առանձնազրույց ունեցել նրա հետ: Բողոքում բարձրացված հարցերի և այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համապարփակ ուսումնասիրությունից հետո անհրաժեշտություն է առաջացել կրկնակի այց կատարել՝ այցելություն իրականացնող խմբում ներգրավվելով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ մասնագետին: Դեկտեմբերի 13-ին կատարված կրկնակի այցելության արդյունքներն ամփոփելով` մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել Արթուր Սարգսյանի փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին: Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝ կապված Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանի աշխատակազմը նշում է, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման հարցերը մշտապես գտնվում են մարդու իրավունքների պաշտպանի անմիջական և ամենօրյա ուշադրության ներքո:

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG