Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանյան փորձագետների, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, Նավալնին չի կարող հաղթել գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն, իշխանության ցանկացած այլ թեկնածուի պարագայում նրա շանսերը կտրուկ աճում են:

2018 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի ընդդիմությունն, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Ալեքսեյ Նավալնու թեկնածությունը: Ինչպես «Բաց Ռուսաստան»-ի, այնպես էլ «Պառնաս»-ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Ալեքսեյ Նավալնին և Գրիգորի Յավլինսկին ոչ համակարգային համարվող ընդդիմության հիմնական թեկնածուներն են:

Երեքշաբթի օր Նավալնին իր կայքում տեսահոլովակ է տեղադրել, որում հայտարարել է, թե մասնակցելու է նախագահական ընտրություններին ու ակնկալում է հաղթանակ տանել: Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան»-ի գործադիր տնօրեն Թիմուր Վալիևը երեկ ասել է, թե կօգնեն Նավալնուն, եթե նա դիմի նման խնդրանքով: Նույն կազմակերպության ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Բարանովան անգամ հայտարարել է՝ եթե Նավալնուն թույլ տան մասնակցել ընտրություններին, ապա ինքն իր ձայնը հենց վերջինիս կտա:

«Պառնաս»-ի ղեկավար Միխայիլ Կասյանովը խորհրդարանական ընտրություններին կրած պարտությունից հետո որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին: Այս կուսակցությունը ևս կաջակցի Նավալանուն, եթե նա համաձայնեցնի իր ծրագիրը «Պառնաս»-ի հետ: Այս մասին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Կոնստանտին Մերզլիկինը: Ընդդիմադիրներ Իլյա Յաշինն ու Վլադիմիր Միլովը նույնպես հայտարարել են, որ կաջակցեն Ալեքսեյ Նավալնուն, քանի որ հավատում են նախագահական ընտրություններում վերջինիս հաջող մասնակցությանը:

2013-ին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում Ալեքսեյ Նավալնին ստացել էր քվեների մոտ 27 տոկոսը: Ոչ համակարգային համարվող ընդդիմության համար Ռուսաստանում սա աննախադեպ բարձր ցուցանիշ է: «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար Անդրեյ Նիչաևն էլ ասել է, թե Նավալնու վարած քաղաքականությունից է կախված լինելու՝ կկարողանա՞ նա դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, թե ոչ: Ռուսաստանում, այսպես կոչված՝ ազատական ընդդիմությունը մեծ ընտրազանգված չունի, բացի այդ, ընդդդիամդիր ուժերը չեն կարողանում միավորվել:

Ալեքսեյ Նալավանին հայտնի է որպես կոռուպցիայի դեմ ակտիվորեն պայքարող ընդդիմադիր գործիչ, և այդ հանգամանքը կարող է նրան հավելյալ քվեներ բերել: Նա բազմաթիվ տեսահոլովակներ է հրապարակել այն մասին, թե ինչ մեխանիզմներով են հարստանում ռուսաստանցի պաշտոնյաներն ու Պուտինի մտերիմ օլիգարխները:

Նավալնին, սակայն, դեռևս վստահ չէ, որ իրեն թույլ կտան մասնակցել նախագահական ընտրություններին: Ներկայումս ընթացքի մեջ է, այսպես կոչված՝ «Կիրովլես»-ի գործով դատավարությունը, և չնայած հանգամանքին, որ Նավալնուն պայմանականորեն ազատազրկելու մասին որոշումը Եվրոպական դատարանը չեղարկել է, հնարավոր է, որ ընդունվի նոր որոշում: Դա կախված է մեկ մարդու՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմի Պուտինի կամքից:

Ըստ ռուսաստանյան փորձագետների, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, Նավալնին չի կարող հաղթել գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն, իշխանության ցանկացած այլ թեկնածուի պարագայում նրա շանսերը կտրուկ աճում են: Վլադիմիր Պուտինն, ի դեպ, դեռ չի հայտարարել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին միգրանտների հարցում խիստ կոշտ դիրքրոշում ունի: Նա համարում է, որ Ռուսաստանը պետք է վիզային ռեժիմ սահմանի, մասնավորապես, Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG