Մատչելիության հղումներ

Քվորում չլինելու պատճառով չկայացավ Վանաձորի ավագանու արտահերթ նիստը


Տեղական ինքնակառավման մարմինների ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ ավագանու անդամները բոյկոտում են նիստը:

Այսօր չկայացած արտահերթ նիստի օրակարգում բյուջեում փոփոխություն կատարելու և դեկտեմբերի 5-ին «Ուկրշին» տնակային ավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին աջակցելու հարցերն էին:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ իրենք պատրաստ են տուժած ընտանիքներին օգնել հանգանակութամբ ու անձնական միջոցներով:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը նույնպես կօժանդակի հրդեհից տուժած ընտանիքներին: Իսկ ինչ վերաբերում է ավագանու նիստերին, քաղաքապետի նախկին թեկնածուն կրկին ընդգծեց, որ իրենք նիստերը բոյկոտում են, որպեսզի հայտնաբերեն նրանց, ում քվեարկության արդյունքում այսօր քաղաքը կառավարում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:

Մարուքյանը հետևյալ ելքն է տեսնում․ - «Եթե տևական ժամանակ, պառլամենտարիզմի սկզբունքից ելնելով, իշխող կուսակցությունը չի կարողանում ապահովել կամ ցույց տալ այդ մեծամասնությունը, չի տիրապետում մեծամասնությանը, նա պետք է չունենա պառլամենտի դեպքում վարչապետ, այս դեպքում՝ քաղաքապետ: Հետևաբար պետք է էդ ամեն ինչը իրենց համար ևս հասկանալի լինի, և համապատասխան գործողություններ իրականացվի կա՛մ տվյալ կուսակցության կողմից, կա՛մ Կառավարության կողմից, երբ որ երեքամսյա ժամկետը լրանա»:

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու միակ կայացած նիստը հոկտեմբերի 10-ի նիստն է եղել, որի ընթացքում փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական վերածնունդ»-ը հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մանուկյանի թեկնածությունը։ Ու թեև ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանու 33 անդամներից 18-ը քվեարկելու են Մարուքյանի օգտին, վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն:

Դրանից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ բոյկոտելու են նիստերը՝ պարզելու, թե ովքեր են ավագանու այն չորս ընդդիմադիր անդամները, ովքեր փակ քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել էին իշխանության թեկնածուին:

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ ինքը շփվում է ավագանու բոլոր 18 ընդդիմադիր անդամների հետ, սակայն չգիտի, թե նրանցից ովքեր են իր օգտին քվեարկել:

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի համաձայն, Կառավարությունը կարող է կրճատել Վանաձորի ավագանու անդամների լիազորությունը՝ եթե հերթական նստաշրջանի ընթացքում երեք ամսից ավելի ավագանու նիստեր չգումարվեն:

Քրիստ Մարուքյանի խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կդիմեն Կառավարությանը՝ ավագանին լուծարելու պահանջով:

XS
SM
MD
LG