Մատչելիության հղումներ

Թրամփը արտաքին գերատեսչության ղեկավարումը վստահել է Ռեքս Թիլերսոնին


Exxon Mobil ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը՝ պետքարտուղարի թեկնածու, Դալաս, 28-ը մայիսի, 2008 թ.

Exxon Mobil ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը՝ պետքարտուղարի թեկնածու, Դալաս, 28-ը մայիսի, 2008 թ.

Exxon Mobil ընկերության նախագահը համարվում է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունեցող մարդ: Մինչդեռ՝ ԱՄՆ-ի ազդեցիկ սենատորներից հանրապետական Ջոն ՄքՔեյնը վերջերս հայտարարել է՝ «Վլադիմիր Պուտինը ավազակ է և մարդասպան»:

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալթ Թրամփը երկրի պետքարտուղարի պաշտոնում կնշանակի Exxon Mobil ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնին:

«Կամքը, փորձառությունը, աշխարհաքաղաքական հարցերի ըմբռնումը Թիլերսոնին դարձնում են պետքարտուղարի հոյակապ թեկնածու»,- ասել է Թրամփը: Ընտրյալ նախագահի համար սա ամենասկզբունքային առաջադրումներից մեկն է:

«Թիլերսոնն առաջ կտանի տարածաշրջանային անվտանգության գաղափարները՝ ուշադրության կենտրոնում պահելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը»,- նաև հայտարարել է ընտրյալ նախագահը:

Արձագանքելով Թրամփին՝ Թիլերսոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ է նրա առաջարկը, և ինքը կիսում է օտար երկրների հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների վարկը վերականգնելու և ազգային անվտանգության խնդիրներն առաջ տանելու՝ ընտրյալ նախագահի տեսլականը:

Թրամփի թիմից մի պաշտոնյա, ով չի ցանկացել նշել իր անունը, ասել է, որ ընտրյալ նախագահը կանգ է առել 64-ամյա Թիլերսոնի թեկնածության վրա այն բանից հետո, երբ ստացել է ազդեցիկ հանրապետականներ, նախկին պետքարտուղարներ Ջեյմս Բեյքերի և Կոնդոլիզա Ռայսի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի աջակցությունը:

Ռեքս Թիլերսոնին արտաքին գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկն անխուսափելիորեն կթեժացնի Թրամփ-Ռուսաստան կապերի մասին քննարկումները: Թիլերսոնի ղեկավարած Exxon Mobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, իսկ դրանից հետո էական նյութական կորուստներ է կրել: Ինքը՝ Թիլերսոնը մի քանի անգամ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը:

Ուկրաինական իրադարձություններից առաջ՝ 2013 թվականին, անձամբ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշան է շնորհել Թիլերսոնին, ինչպես Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում է ասված՝ «վառելիքի արդյունահանման և էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության հարցում նշանակալի ավանդ ներդնելու համար»:

Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այսօր հույս է հայտնել, որ Թիլերսոնի պաշտոնավարման օրոք Մոսկվան և Վաշինգթոնը կհաստատեն փոխշահավետ հարաբերություններ: Թրամփը և Թիլերսոնն առաջին անգամ հանդիպել են 90-ական թվականներին: Այն ժամանակ Exxon ընկերությունը զբաղված էր Սախալինում ու Ռուսաստանի Հեռավոր արևելքում նավթային բիզնեսով:

2011 թվականին կապերն ընդարձակվել են․ այդ ժամանակ էլ Exxon-ը «Ռոսնեֆտ»-ի հետ կնքել է Սիբիրում և Արկտիկայում հորատման աշխատանքներ կատարելու պայմանագիր, որի արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ 200 միլիոն դոլար: Սակայն պատժամիջոցների հետևանքով այդ պայմանագրի իրագործումը սառեցվել է:

Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Սենատը պետք է հավանություն տա նախարարների պաշտոններում նորընտիր նախագահի առաջադրած թեկնածուներին:

Ենթադրվում է, որ առնվազն պետքարտուղարի հարցում կլինեն առարկություններ: Ազդեցիկ սենատորներից Ջոն ՄքՔեյնը, ով չափազանց կոշտ վերաբերմունք ունի Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ, վերջերս ասել է՝ «Վլադիմիր Պուտինը ավազակ է և մարդասպան, ով նրան ավելի մեղմ բնութագրի՝ ստելու է»:

Իսկ դեմոկրատական սենատոր Չարլզ Շումերն էլ ասել է. «Թիլերսոնի պես մեկին հաստատելու համար կպահանջվի երկար-երկար քննարկում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG