Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները չեն ընդգրկվի քվեարկության վերահսկողական մեխանիզմների ներդրման հանձնաժողովում


Արխիվ -- Բանակցություններ 4+4+4 ձևաչափով, 15-ը ապրիլի, 2016թ․

4+4+4 ձևաչափի մաս կազմող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվում են իշխանության ու ընդդիմության հետ ընդգրկվել քվեարկության վերահսկողական մեխանիզմների ներդրման հանձնաժողովում։

Քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, նոր ընտրական օրենսգրքում արձանագրված մի շարք սահմանափակումները, արդեն իսկ կասկածի տակ են դնում ընտրությունների օրինականությունը և իրենք չեն ցանկանում լեգիտիմացնել այդ գործընթացը։

Հանձնաժողովում պետք է ընդգրկվեին իշխանության, ընդդիմության ու քաղհասարակության հավասար թվով անդամներ: Հանձնաժողովը պետք է կազմակերպեր ընտրատեղամասերի տեսանկարահանումը, վերահսկեր ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգն ու աուդիտի ենթարկեր նույնականացման քարտերի շտեմարանը։ Հանձնաժողովից հրաժարված քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են՝ առանց ընդգրկվելու էլ կարող են վերահսկել ամբողջ գործընթացը։

«Տեղեկատվության ազատության օրենքը, ընտրական օրենսգիրքը և այլ օրենսդրություն մեզ լայն հնարավորություն է տալիս վերահսկելու և այդ հանձնաժողովում ներառվելը, ըստ էության, որևիցե լրացուցիչ մեխանիզմ չէր տա», - ասում է Իոաննիսյանը:

Հանձնաժողովի գործառույթների ու լիազորությունների շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 4+4+4 ձևաչափով ամիսներ տևած քննարկումներից հետո։ Այդ ձևաչափը նախաձեռնած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի կարծում, որ առանց քաղհասարակության համաձայնությունը տապալվում է։

«Գործընթացը այնպես է կառուցված, որ իրենց մասնակցությամբ կամ առանց մասնակցության՝ այն շարունակվելու է: Այլ բան է, որ՝ ես օրինակ համարում եմ, ու գաղափարի հեղինակը ես էի, որ շատ լավ կլիներ, եթե քաղաքացիական հասարակությունը հավասար հիմունքներով մասնակցեր», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նա:

Զուրաբյանի պնդմամբ՝ միջազգային դոնոր կազմակերպությունները, անկախ այս հանգամանքից, կտրամադրեն խոստացված 16 միլիոն եվրոն, իսկ Հանձնաժողովը առանց քաղհասարակության կսկսի աշխատանքները։

«Ով ցանկություն ուներ՝ կարող էր իր տեղը և դերը ստանձնել, բայց եթե ինչ-որ մեկը չի ստանձնում իր դերը, իր տեղը, Հանձնաժողովը այն կազմով, որը ձևավորվել է, շարունակելու է գործել», - նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Իշխող Հանրապետականը նույնպես ափսոսանք է հայտնում կատարվածի համար։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ է անում չհրաժարվել համագործակցությունից․ - «Հայաստանի Հանրապետությունում մենք նախկինում ոչ նման համագործակցության երևույթ ենք ունեցել, ոչ էլ ունեցել ենք նման համագործակցության արդյունք, և մենք լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքը շարունակական է լինելու և ոչ միայն փաստաթղթի ընդունման, մեխանիզմի ձևավորման ժամանակահատվածում, այլև ողջ ընտրությունների ընթացքում»:

XS
SM
MD
LG