Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարները քննարկում են Թուրքիայի անդամակցության գործընթացի սառեցման հարցը


Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն արդեն մի քանի ժամ է, ինչ Բրյուսելում դռնփակ քննարկում են վերջին շրջանում այդ կառույցի առջև ծառացած թերևս ամենահրատապ հարցերից մեկը` ի՞նչ քաղաքականություն որդեգրել Թուրքիայի հանդեպ:

Այս թեման քաղաքական օրակարգ մուտք գործեց նոյեմբերի վերջին, երբ քվեների մեծամասնությամբ Եվրոպական խորհրդարանը կոչ արեց Եվրահանձնաժողովին սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում ծավալված զանգվածային ձերբակալությունների և մարդու իրավունքների խախտումների պատճառով:

Երեկ էլ DW-ին տված հարցազրույցում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարեց, որ պաշտոնական Վիեննան միանշանակորեն համաձայն է Եվրախորհրդարանի կողմից հաստատված բանաձևի դրույթներին:

«Եվրամիությունը պարտավոր է արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է Թուրքիայում: Եվրախորհրդարանը միանգամայն իրավացի է, երբ կոչ է անում սառեցնել բանակցությունները: Ես հարյուր տոկոսով համաձայն եմ Եվրախորհրդարանի անդամների հետ»`- ասել է ավստրիական արտգործնախարարության ղեկավարը` ընդգծելով, որ բանակցությունների դադարեցումը կարող է Անկարային ուղղված հստակ քաղաքական ազդակ դառնալ:

Եվրամիությունում այժմ նախագահող պետության` Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը այսօրվա քննարկումներին մեկնարկից առաջ ևս խոստովանել է, որ Թուրքիա - Եվրամիություն հարաբերությունները այժմ ճգնաժամային վիճակում են․ - «Միանշանակ է, որ սա ամենախնդրահարույց թեման է: Մոտեցումները [Եվրամիության ներսում] բավական տարբեր են: Հուսով եմ, որ այսօրվա քննարկման ընթացքում մենք կկարողանանք որոշակի փոխզիջման հասնել Թուրքիայի հարցում»:

Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի խոսքով, չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությանը, Եվրամիությունը չի կարող անտեսել այն բոլոր բացասական զարգացումները, որ վերջին շրջանում արձանագրվել են այդ երկրում․ - «Իհարկե, Թուրքիայում ստեղծված կացությունը մտահոգիչ է: Մենք կարող ենք շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչութան դեմ պայքարի, տեղեկատվության փոխանակման կամ անօրինական ներգաղթի կանխարգելման շուրջ, բայց անդամակցության բանակցությունների առումով առաջընթացն անհնարին է»:

Եվրամիության ղեկավարների համոզմամբ, սակայն, Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցն ընդհանրապես հրատապ չէ, քանի որ գործնականում Անկարայի հետ ակտիվ շփումներ այս հարցում առանց այդ էլ գոյություն չունեն:

«Գործնականում մենք արհեստական մի բանավեճի մասին ենք խոսում, որովհետև Թուրքիայի անդամակցության բանակցությունները ամիսներ շարունակ գտնվում են լճացած վիճակում: Մոտակա ամիսներին որևէ շարժ ևս չի լինի», - պնդում է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով հանձնակատար Յոհանես Հանը:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը, մինչդեռ, վստահ է, որ այն պնդումները, թե Թուրքիայի հետ բանակցությունները գործնականում սառեցված են, իրականությանը չեն համապատասխանում․ - «Դա ճիշտ չէ,թ ե իբր Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում: Այդ բանակցությունները շատ ավելի դինամիկ ընթացք ունեն, քան Եվրամիության անդամության ձգտող մի շարք այլ պետությունների դեպքում: Բացի այդ, եվրոպացի հարկատուների գումարները` հարյուր միլիոնավոր եվրոներ, շարունակում են տրամադրվել Թուրքիային՝ Եվրամիության հետ մերձեցման փաթեթի շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG