Մատչելիության հղումներ

Ղարաբաղը հրաժեշտ է տալիս ուղիղ տասը տարի առաջ ընդունած Սահմանադրությանը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր վերջին անգամ շնորհավորական ուղերձ հղեց գործող Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ. պատերազմող Ստեփանակերտը լծվել է 10 տարի առաջ «կողմ» քվեների բացարձակ մեծամասնությամբ ընդունված Մայր օրենքը փոխելու գործին:

Ի տարբերություն խորհրդարանական կառավարում որդեգրած Հայաստանի` Սահմանադրության նոր նախագծով Լեռնային Ղարաբաղը պատրաստվում է անցնել կառավարման նախագահական համակարգի։ Նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից, ինչից հետո հենց ինքն էլ ձևավորում է կառավարությունն ու դառնում դրա ղեկավարը՝ ըստ էության ստանձնելով նաև վարչապետի վերացող պաշտոնը։

Ղարաբաղի հատուկենտ ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ներկայիս նախագահ Բակո Սահակյանին շարունակել պաշտոնավարել անցումային շրջանում՝ մինչև 2020թ․, իսկ դրանից հետո կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնը` արդեն փոփոխված Սահմանադրության պայմաններում։ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է հաջորդ տարի: Գործող Սահմանադրությամբ նա իրավունք չունի նորից զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը համոզված է՝ խորհրդարանը Բակո Սահակյանին անակնկալի չի բերի: - «Ես չեմ կարծում, թե ԱԺ-ն այս կազմով կարող է ինչ-որ վճիռներ կայացնել, որոնք կարող են տարբեր լինել նախագահականում կայացրած որոշումներից», - ասում է ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարը:

Խորհրդարանում մեծամասնություն վայելող «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական համակարգի ջատագովներից էր: Թեև նոր նախագիծը վերացնում է վարչապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է «Ազատ հայրենիքի» առաջնորդ Արայիկ Հարությունյանը, այդուհանդերձ կուսակցությունը դեմ չէ նոր կառավարման համակարգին:

Կիսանախագահականից նախագահական կառավարման մոդելի անցումը Ղարաբաղի իշխանությունները հիմնավորվում են երկրի առջև ծառացած մարտահրավերներով: Իշխանությունները, սակայն, չեն պարզաբանում, թե օրինակ քառօրյա պատերազմի ժամանակ գործող Սահմանադրությունը ինչպե՞ս է խոչընդոտել երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը, բայց որ գործող կառավարման համակարգից հրաժարվում են նաև գործող Սահմանադրության հեղինակները` գաղտնիք չէ: Նախկինում իշխող Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Բաղրյանը ասում է` դա անհրաժեշտություն է: - «Վերջիվերջո` երկիրն ընդունել է այդ Սահմանադրությունը 10 տարի առաջ: Ուղղակի կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել», - նշում է Բաղրյանը:

Իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունում ևս չեն հակադրվում կառավարման համակարգի փոփոխությանը, թեև ՀՅԴ-ն ավանդաբար խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակիցն է եղել: 126-ամյա կուսակցության ղարաբաղյան թևը ընդամենը բավարարվել է սահմանադրական հանձնաժողովին սկզբունքային հարցերի շուրջ մի շարք առաջարկներ ներկայացնելով:

«Դաշնակցությունը միշտ եղել է խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից, նաև մեր կողմից համապատասխան առաջարկներ են փոխանցվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որում խիստ արտացոլված է նաև խորհրդարանի դերի բարձրացման և, ընդհանրապես, Սահմանադրության նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ անելու առաջարկներ»,- «Ազատության» հետ զրույցում նշում է ՀՅԴ Արցախի կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունները քննարկում են հիմնականում պաշտոնական կամ գերատեսչական շրջանակներում, մինչդեռ գերատեսչությունների պատերից և հեռուստատեսային էկրաններից այն կողմ մեկնաբանությունները միանգամայն այլ են:

«Նախագահական կառավարման մոդել է, բայց նախագահական երկրներում՝ կոնկրետ ԱՄՆ-ում, կան կոնկրետ փոխզսպման մեխանիզմներ, իսկ այստեղ համարյա բացակայում են: Սահմանադրությունն ունի մասնագիտական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն», - ասում է իրավաբան Վահե Հարությունյանը:

«Սահմանադրությունը փոխում են միայն իրենց նպատակների համար: Եթե 2017-ին պետք է կայանային նախագահական ընտրություններ, սահմանադրության փոփոխմամբ այդ ընտրությունները չեն կայանալու», - ասում է պատմաբան Գայանե Սարգսյանը:

Թոշակառու Ալբերտ Եղիազարյանն էլ նշում է. - «Իրենք իրենց համար օրենքներ են մտածում, իրենց համար ուտում, խմում, քեֆ անում, վե՛րջ: Իսկ ժողովուրդն ի՞նչ է: Հատկանշական է, որ պետության մեջ առկա խնդիրները պայմանավորված չեն կառավարման այս կամ այն համակարգով: Խնդիրը համակարգի կայացման մեջ է: Սակայն, ի վերջո, որոշողը ժողովուրդն է: Ժողովո՞ւրդն է»:

Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեն հնարավոր է անցկացվի գալիք տարվա առաջին եռամսյակում: Ի տարբերություն Հայաստանի` այստեղ Սահմանադրական փոփոխությունների հեղինակները թերևս խոչընդոտների չհանդիպեն. Բակո Սահակյանի երկու գլխավոր ընդդիմախոսները՝ Վիտալի Բալասանյանը և Մասիս Մայիլյանը այժմ բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում: Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ` նախագահ Սահակյանը իր երբեմնի հակառակորդներից՝ Բալասանյանին նշանակել է Ազգային անվտանգության խորհրդրի քարտուղար, իսկ Մայիլյանին՝ ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG