Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Կառավարությանն այսօր ձեռնտու է արժեզրկված դրամը


Վերջին 3 տարիներին ամերիկյան դոլարը դրամի նկատմամբ արժևորվում է հիմնականում տարվա վերջին ամիսներին: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամենամեծ տատանումը գրանցվել է 2014 թվականին՝ մեկ ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքն աճել է մոտ 50 դրամով։

Այս տարվա վերջին եռամսյակը նույնպես չտարբերվեց նախորդներից։ Դեռ ամիսը չավարտված՝ դրամն արդեն մոտ 3 կետով անկում է գրանցել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ դոլարը կհասնի հոգեբանական 500 դրամի շեմին: Ասում է՝ Հայաստանի կառավարությանն այսօր ձեռնտու է հնարավորինս արժեզրկված դրամ ունենալ, ինչը թույլ կտա լուծել կառավարության առջև ծառացած ֆինանսական խնդիրները։

«Այսօր դրամի արժեզրկումը ձեռնտու է մեր ֆինանսների նախարարությանը, որովհետև բյուջետային պարտավորությունները կատարելու համար վերցնում ենք պարտք տարբեր կազմակերպություններից՝ ԱՄՀ, ՀԲ և այլն, քանի որ մեր ներքին խնդիրները չենք կարողացել լուծել: Մեզ մոտ փաստորեն առաջացել են մոտ 90 միլիարդ դրամ կարգի եկամուտների թերհավաքագրում: Հիմա պետական պարտքից եկող գումարները պետք է շուկայում վաճառվեն, իսկ շուկայում վաճառելու դեպքում ինչքան դոլարի կուրսը բարձր լինի, իշխանություններին ձեռնտու է»,- ասաց Խաչատրյանը:

Հարևան Ադրբեջանի և Վրաստանի ազգային արժույթների համեմատ, դրամի ավելի պակաս չափով արժեզրկումը դոլարի նկատմամբ Վահագն Խաչատրյանը տնտեսության առողջացմամբ չի պայմանավորում, այլ հանգամանքով, որ երկրում ներմուծման և սպառման ծավալները կրճատվել են, շուկան փոքրացել։ Նույն կարծիքին է նաև տնտեսագետ Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա՝ դոլարի նկատմամբ պահանջարկի նվազումը պայմանավորված է նաև տրանսֆերտների կրճատմամբ։ «Եթե մենք ունեցել ենք տարեկան միջինը 4-4,5 միլիարդ դոլարի ծավալ, հիմա մենք 2,8 միլիարդի:

Ճիշտ է, արտաքին առևտրի հաշվեկշռի համար դա լավ է, որովհետև արտահանումը երկու անգամից ավելի քիչ չափով է տարբերվում ներկրումից: Բայց դա հետևանք էր 840 միլիոն դոլարով մեր տրանսֆերտների կրճատման, աղքատությունն ընդլայնվեց, վճարունակությունն ընկավ, արդյունքում ընդհանրապես մանրածախ և մեծածախ ապրանքի շրջանառությունն ընկավ․․․»,- ասաց Մելքումյանը

Տնտեսագետը հիշեցրեց Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում երկրում գնանկում է տեղի ունեցել՝ «Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նախորդ տարիներին ՀՆԱ-ի հիմնական աճը եղել է գնաճի հաշվին։ Էս պահին ընթացիկ տարվա անվանական ՀՆԱ-ն 400 միլիարդ դրամով կրճատվել է, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 21 տոկոս է, այսինքն՝ 80 միլիարդ դրամից ավել բյուջեն թերհավաքագրվել է, սա լուրջ հետևանքներ ունի»,- ասաց Մելքումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG