Մատչելիության հղումներ

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Բաքվին դարձյալ կոչ են անում՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին


Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խումբն այսօր հրապարակել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը, որում 119 անուն է ընդգրկված:

Մարդու իրավունքների միջազգային օրվա նախաշեմին Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանը դեկտեմբերի 8-ին կայացրած վճռով 10 տարվա ազտազրկման դատապարտեց Բայրամ Մամեդովին: Նա Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի վրա մակագրություններ թողած երկրորդ երիտասարդն է: Նրա ընկեր Գիյաս Իբրահիմովը նույն պատժաչափով՝ 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել ավելի վաղ՝ հոկտեմբերի վերջերին:

Միջազգային իրավապաշտպան երկու հեղինակավոր կազմակերպություններ՝ Human Rights Watch-ը և Amnesty International-ը այսօր հանդես են եկել հայտարարություններով՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց: Amnesty International-ը Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»: Human Rights Watch-ը պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել նրանց, ինչպես նաև «քաղաքական դրդապատճառներով» ձերբակալված մյուս մարդկանց, և վերջ դնել այլախոհների դեմ բռնաճնշումներին:

Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը NIDA շարժման ակտիվիստներ են: Նրանք ձերբակալվել են այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանին մակագրություններ էին թողել: Սակայն, իրավապահները նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության ծանր հոդվածներով: Ձերբակալությունից հետո նրանք ենթարկվել են խոշտանգումների, ստորացումների: Նշելով այս ամենը, իրավապաշտպան կազմակերպություները նրանց դեմ առաջադրված մեղադրանքները շինծու են համարում, պահանջելով ազատ արձակել երիտասարդներին:

Վաղը, դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ օրվանն ընդառաջ՝ Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խումբն այսօր հրապարակել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը, որում 119 անուն է ընդգրկված: Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մնում է ծանր, չնայած տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պարբերաբար արձանագրվող լուրջ խնդիրների մասին ահազանգերին: Նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն այդ խնդիրները լուծելու քաղաքական կամք չեն դրսևորում:

Մտահոգիչ է համարվում, որ քաղաքացիական իրավունքների ճնշումների, ընդդիմության և քաղակտիվիստների դեմ դաժան միջոցներ կիրառելու արդյունքում Ադրբեջանը հայտնվել է Եվրոպայում ամենաշատ քաղբանտարկյալներ ունեցող երկրների առաջին շարքերում, իսկ հալածյալների թիվն անշեղորեն աճում է: Contact կայքի փոխանցմամբ՝ հայտարարությունում նշված են մի շարք լրագրողների, բլոգերների, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների անուններ, որոնք դատապարտվել են ազատ արտահայտվելու, կամ քաղաքական հայացքների համար:

Շինծու մեղադրանքներով լրագրող Սեյմուր Հազին ավելի քան երեք տարի գտնվում է մեկուսարանում, Նիջաթ Ալիևը՝ 4,5 տարի, Աբդուլ Աբիլովը 3 տարց ավելի, Ռաշիդ Ռամազանովը՝ 3 տարի 7 ամիս: NIDA շարժման ակտիվիստ Իլքին Ռուստամզադեն երեք տարի վեց ամիս է բանտարկված է, չնայած նրա հետ դատապարտված մյուս յոթ երիտասարդներն ազատ են արձակավել:

Քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խմբի հայտարարությունում նշված է նաև, որ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշմամբ պահանջել էր անհապաղ ազատ արձակել REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, նա արդեն գրեթե չորս տարի է բանտում է: Բանտերում են Ադրբեջանի Ժողճակատի 10 ակտիվիստներ, ներառյալ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին և խորհրդական Մամեդա Իբահիման:

Նշված է, նաև որ «Ազադլիգ» թերթը ստիպված դադարեցրել է տպագրությունն այն բանից հետո, երբ նրա ֆինանսական տնօրեն Ֆաիգ Ամիրովը ձերբակալվեց այս տարվա օգոստոսին: Ձերբակալվել են տասնյակ հավատացյալներ, այդ թվում իշխանությունների վարած կրոնական քաղաքականությունը քննադատող «Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ Տալեխա Բաղիրզադեն ու այդ կազմակերպույան այլ ակտիվիստներ: Նրանք ենթարկվել են բիրտ խոշտանգումների, մեղադրվել ծանր հանցագործությունների մեջ:

Բռնաճնշումներն ու հետապնդումները չեն շրջանցել քաղաքական ակտիվիստների հարազատներին, քաղբանտարկյալների ցանկում տեղ են գտնել մի շարք անուններ, որոնք համարվում են «քաղաքական պատանդներ»: ОМОН-ի՝ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների անդամներ Էլչին Ամիրասլանովը, Սաֆա Փոլադովը և Արիֆ Քազիմովն արդեն 20 տարի պահվում են փակ բանտում: Տեղական և միջազգային կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալներ է ճանաչել:

Նախկին քննիչ Ռուֆատ Սաֆարովը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը և մի շարք նախկին չինովնիկնոր ձերբակալվել են իշխանությունների դեմ հանդես գալու համար: Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների աշխատանքային խմբի կազմած ցանկի 119 անունները հնարավոր է՝ համալրվեն: Այժմ ևս 25 մարդու գործեր են ուսումնասիրվում:

Աշխատանքային խումբը, որը կազմաված է երկու տասնյակ ակտիվիստներից, միջազգային հանրությանը կոչ է անում բազմապատկել ջանքերը՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատելու համար և նրանց խնդիրները բարձրացնել պարբերաբար և հետևողականորեն: Առանձին հայտարարությամբ հանդես է եկել «Ազադլիգ» թերթը, որը հրատարակվում էր 1989 թվականից: Հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի միակ անկախ թերթը ևս քաղբանտարկյալ է: «Ազադլիգը» միջագային հանրությանը կոչ է անում թույլ չտալ, որ իշխանությունները վերջնականապես ճնշեն իրենց ձայնը, իսկ երկրի հանրությանը կոչ են անում չհաշտվել թերթի կորստի հետ:

Դեկտեմբերի 24-ին կլրանա «Ազադլիգի» 27-ամյակը, սակայն, թերթն արդեն երեք ամիս է լույս չի տեսնում, օգտագործելով միայն էլեկտրոնային տարբերակի հնարավորություները: «Մի թույլատրեք ոչնչացնել ազատ խոսքի վերջին բաստիոնը երկրում»,- կոչ է անում խմբագրությունը: «Անհրաժեշտ է պաշտպանել նաև այս քաղբանտարկյալի իրավունքները, որը հանդիսանում է բոլոր քաղբանտարկյալների, բոլոր ոտնահարված իրավունքների ձայնը: «Ազադլիգը» չպետք է դառնա գնդակահարված թերթ»,- նշված է հայտարարությունում:

Նշենք , որ քաղաքացիական ակտիվիստների հայտարարությունում, համենայն դեպս, Contact կայքի հրապարակած նյութում, նշում չկա «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության և ռադիոկայանի Բաքվի գրասենյակը փակելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշման մասին:

Հավելենք նաև հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի ձերբակալությունը: Նրանք դատապարտվել էին երկարատև ազատազրկման, ճնշումների ենթարկվել, քայքայլվել էր նրանց առողջությունը, ինչը հաշվի առնելով՝ նրանք ազատ արձակվեցին ու որոշ ժամանակ անց հեռացան երկրից: Միջազգային կազմակերպությունները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայնի գրասենյակի, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Լեյլա ու Արիֆ Յունուսների խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG