Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախարարների Համբուրգի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ խնդրին


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը (աջից) մասնակցում է Համբուրգի նիստի բացման արարողությանը
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը (աջից) մասնակցում է Համբուրգի նիստի բացման արարողությանը

Ավստրիայի արտգործնախար Սեբաստիան Կուրցը, ով 2017-ին ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը, ասել է՝ ընթացիկ տարում ԵԱՀԿ-ի տարածքի հիմնական մարտահրավերներն էին «միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերականգումը, ինչպես նաև շարունակվող հակամարտությունը Ուկրաինայի արևելքում»:

Համբուրգում, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ամենամյա հանդիպմանն ընդառաջ հանդես գալով հայտարարությամբ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նա, մասնավորապես, ասել է՝ «Ուկրաինայի արևելքում վերջին շաբաթներին վերականգնված բռնությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ապրիլին տեղի ունեցած սրացումը ցույց են տալիս, թե որքան փխրուն է խաղաղությունը ԵԱՀԿ տարածքում»:

Նա նաև նշել է՝ ղարաբաղյան հակամարտության ապրիլյան սրացումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ուժեղացնել հակամարտությունների կարգավորման մեխանիզմները: Շտայնմայերն ասել է, որ ԵԱՀԿ-ն ակտիվ դերակատարություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ուկրաինայի արևելքի ճգնաժամի կարգավորման հարցերում: «Որոշ դեպքերում ԵԱՀԿ-ն նույնիսկ կանխել է այդ հակամարտությունների վերաճումը բաց պատերազմի»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն էլ նիստում ունեցած իր ելույթում ասել է՝ «Հարավային Կովկասում և Մոլդովայում չկարգավորված հակամարտությունների լուծումը կախված է հակամարտ կողմերի քաղաքական կամքից»: Զանիերը հավելել է՝ «անհրաժեշտ է գտնել նոր մոտեցումներ, կրկնապատկել մեր ջանքերը՝ գտնելու բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ուկրաինայի արևլքի ճգնաժամի կարգավորմանն ուղղված՝ Մինսկի համաձայունությունների մասին, անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան հարցին: «Բոլոր բարդ խնդիրների լուծման բանալին ձեռք բերված պայմանավորվածություններին հանձնառու լինելն է, ներառյալ Մերձդնեստի և Լեռնային Ղարաբաղի հակմարտությունները»,- նշել է նա:

Ավստրիայի արտգործնախար Սեբաստիան Կուրցը, ով 2017-ին ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը, ասել է, թե ընթացիկ տարում ԵԱՀԿ-ի տարածքի հիմնական մարտահրավերներն էին «միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերականգումը, ինչպես նաև շարունակվող հակամարտությունը Ուկրաինայի արևելքում»:

Սիրիայի հակամարտությունը, մասնավորապես, Հալեպում տիրող իրավիճակը, Ուկրաինայի արևելքի ճգնաժամը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը Համբուրգի երկօրյա հանդիպման օրակարգի հիմնական հարցերն են: Նիստին մասնակցում են հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ:

Նախօրեին Գերմանիայի արտգործնախարարը խստորեն քննանդատել էր Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ասելով՝ «Սառը պատերազմից հետո թվում էր, թե Եվրոպայում պատերազմի և խաղաղության հարցը վերջնականապես լուծվել է, սակայն, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն այդ հարցը վերադարձրեց օրակարգ»:

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երեկ հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Գերմանիայի արտգործնախարարը պնդել է՝ Հալեպում անհրաժեշտ է հրադադար հաստատել, հումանիտար օգնության ուղիներ բացել և քաղաքական կարգավորման երկխոսություն սկսել: Իսկ այսօր առավոտյան հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին: ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, այդ հանդիպմանը քննարկվել է «Հալեպի աննախադեպ ծանր իրավիճակը»:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին այս պահաին դեռ լուրեր չկան: Մինչ Համբուրգի նիստը, հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստակամություն էր հայտնել՝ հանդիպել Էդվարդ Նալբանդյանին, իսկ Նալբանդյանը նման հանդիպման հնարավորությունը չէր բացառել:

Համբուրգի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG