Մատչելիության հղումներ

WikiLeaks-ը գաղտնազերծել է Էրդողանի փեսայի` Հայաստանին վերաբերող նամակագրությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկի` նրա դստեր ամուսնու, 2015 թվականից էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնայի փոստը դարձավ գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks-ի հերթական թիրախը: Ջուլիան Ասանժի ստեղծած այս կայքը շաբաթասկզբին հրապարակեց Ալբայրաքի անձնական էլեկտրոնային փոստում տեղ գտած 57 հազար նամակները, որոնցից ամենահինը թվագրված է 2000 թվականով, իսկ ամենաթարմը գրվել է 2016 թվականի ամռանը:

Էրդողանի փեսայի գաղտնազերծված նամակագրության մի մասը, ավելի հստակ` նամակներից 149-ը, առնչվում են Հայաստանին և հայերին:

Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց, օրինակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ուղարկված նամակում մանրամասնորեն ներկայացվում է կուսակցության ղեկավար անդամներից մեկի` ներկայումս Եվրամիության հետ կապերի գծով նախարար Օմեր Չելիքի տեսակետը Հայաստանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ընդգծվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը:

2014-ի մայիսին թվագրված վերլուծական մի գրության մեջ էլ Ստամբուլի «Բիլգի» համալսարանի կազմում գործող «Գլոբալ խնդիրների հարթակ» կառույցի փորձագետները Էրդողանի փեսային մանրամասնորեն տեղեկացնում են իրանական գազի` եվրոպական շուկա արտահանման հեռանկարների մասին` հատուկ հիշատակելով նաև Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին:

Ուշագրավ է նաև 2013-ի նոյեմբերին Նյու Յորքում բնակվող թուրք ակտիվիստներից մեկի` Բերաթ Ալբայրաքին, ինչպես նաև Ռեջեփ Էրդողանի որդուն` Բիլալին ուղարկված նամակը, որում ներկայացված են Թուրքիայի այն ժամանակաշրջանի ամենաազդեցիկ քրդական ուժի` Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության անդամների և Վաշինգտոնի հայկական կառույցների հանդիպումների մանրամասները: Այս նամակը վերնագրված է` «Դաշնակների և Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության/Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասին»: Այս ուղերձին նաև չորս լուսանկար է կցված, որոնցում պատկերված են Թուրքիայի ամենահայտնի քուրդ գործիչներից մեկը` Սելահեթդին Դեմիրթաշը և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարները:

Նշենք, ի դեպ, որ թուրքական մամուլը, գոնե մինչև այս պահը, Էրդողանի փեսայի նամակագրության գաղտնազերծմանը գրեթե չի անդրադարձել` մեկ-երկու հրապարակումները չհաշված: Փոխարենը՝ միջազգային մամուլն է ակտիվորեն անդրադառնում ծագած սկանդալին:

Foreign Policy հանդեսը, օրինակ, պնդում է․ - «Եթե հրապարակված նամակների իսկությունը հաստատվի, ապա այս ողջ պատմությունը Բերաթ Ալբայրաքի համար լուրջ գլխացավանք կդառնա»: Հանդեսի հոդվածագիրները նախևառաջ մատնանշում են Էրդողանի փեսայի նամակագրության այն մասը, որից պարզ է դառնում, որ Բերաթ Ալբայրաքը ուղղակի առնչություններ ուներ «Իսլամական պետություն» խմբավորումից նավթի գնումներ իրականացնող Powertrans ընկերության հետ: «Երբ 2015 թվականի վերջին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անտոնովը նույնատիպ մեղադրանքներ ուղղեց Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին, էներգետիկ ոլորտի փորձագետները այդ պնդումների հանդեպ առանձնակի վստահություն չցուցաբերեցին», - հիշեցնում է Foreign Policy-ն:

Հանդեսն առանձնացնում է նաև նամակների այն խումբը, որոնցից պարզ է դառնում, որ Բերաթ Ալբայրաքը լուրջ դերակատարություն ունի Թուրքիայում ծավալվող ներքաղաքական զարգացումներում ևս` մասնավորաբար ընդդիմության դեմ սկիզբ առած ճնշումների հարցում: «2013-ի ամռանը, Գեզի զբոսայգու շուրջ ծագած բողոքի ակցիաների ժամանակ, հենց Էրդողանի փեսայի նախաձեռնությամբ ստեղծվեց 6 հազար օգտատերերից կազմված այն խումբը, որը Թվիթերում պաշտպանում էր կառավարության տեսակետները և կոշտ կերպով հակադարձում Էրդողանի ընդդիմախոսներին», - գրում է ամերիկյան հանդեսը:

Բրիտանական Independent-ն էլ իր ընթեցողներին տեղեկացնում է․ - «Պարոն Ալբայրաքը Թուրքիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Երկրում լայնորեն քննարկվում է այն հեռանկարը, որ հենց Ալբայրաքը կարող է դառնալ Ռեջեփ Էրդողանի քաղաքական ժառանգորդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG