Մատչելիության հղումներ

Վարչապետը Շիրակում աղքատության խնդրի լուծումը տեսնում է բիզնեսը աշխուժացնելու մեջ


Վաղ առավոտից բազմամարդ էր Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցած հուշարձանի տարածքը: Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Գյումրի էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հուշարձանի մոտ նախագահ Սերժ Սարգսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անուններով ծաղկեպսակներ էին դրված: Վերջին տարիներին դեկտեմբերի 7֊ին Սերժ Սարգսյանը աղետի գոտի չի այցելում: Շատ կարճ այցերով վարչապետերն են եղել, այն էլ ոչ ամեն տարի: Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը բավականին ներկայացուցչական կազմով ու երկար ժամանակով էր Գյումրիում: Նախ այցելեց Ախուրյան համայնքի շինհրապարակ, որտեղ ավարտին է մոտենում արդեն 7 տարի կառուցվող 104 բնակարանի շինարարությունը: Կարեն Կարապետյանի համար թերևս անակնակալ էր, երբ բացահայտեց, որ բնակարան ստացող ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում:

11:41 րոպեին՝ ճիշտ այն ժամին, երբ տեղի էր ունեցել երկրաշարժը, լռության րոպե է հայտարարվում: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին:

Վարչապետը մի քանի ժամ անցկացրեց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում: Շրջեց, ծանոթացավ պայմաններին, հետո լսեց ուսանողներին:

Առավել ընդգրկուն էր մարզի համայնքի ղեկավարների ու գործարարների հետ հանդիպումը: 45 տոկոս աղքատություն ունեցող մարզում խնդիրները շատ են: Կարեն Կարապետյանը անդրադարձավ Շիրակի աղքատության ցուցանիշին, որը կրճատելու մեկ ճանապարհ է տեսնում: - «Աղքատության 45 տոկոսը, իհարկե, անհանգստացնող է: Այդ իսկ պատճառով աշխատատեղ ստեղծելը Շիրակի մարզում դառնալու է բոլորիս թիվ մեկ խնդիրը, բիզնեսը աշխուժացնելը՝ համար առաջին խնդիրը», - նշեց վարչապետը ու պարզաբանեց․ - «Ես անպայման ուզում եմ ասել, որ շատերը մեկնաբանում են, որ ես «բիզնես, բիզնես, բիզնես» ասում եմ՝ բիզնես շահերի կողմնակիցն եմ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Վերջը՝ աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիր պահողը աշխատող մարդն է, հավելյալ արժեք ստեղծողը, որը հետո մենք բաժանում ենք զինվորին, ուսուցչին, բժշկին: Այսպես՝ մեկը մյուսին քոմակ անելով էս երկիրը պիտի դզենք, ուրիշ տարբերակ չկա: Որևիցե մեկը չի գալու մեր փոխարեն մեր երկիրը սարքի»:

Համայնքապետ ու գործարար իրար հերթ չտալով սկսեցին հարցեր հղել: Հիմնականում խնդիրներն էին բարձրաձայնում, այնինչ վարչապետն ասաց՝ ակնկալում էր ծրագրեր լսել: Անօթևանության խնդիրն էլ հերթ հասավ: Պաշտոնական տվյալներով Շիրակի մարզում 319 ընտանիք դեռ փոխհատուցման է սպասում պետության կողմից: 60 գյումրեցի ընտանիք վկայագիր կստանա ու դրանով պետությունը Գյումրիի նկատմամբ իր պարտավորությունը ավարտած կհամարի: Այնինչ 3000֊ից ավելի ընտանիք միայն Գյումրիում շարունակելու է ապրել տնակներում:

Գյումրեցիներից մեկը վարչապետին դիմեց, ասաց՝ «մենք պետք է ցույց տանք մեր ազգային թասիբը, որ 30 տարի պետք չէ, որ մենք հանդուրժենք այն տնակները, որ կան»:

«Շատ լավ, մեր թասիբի խնդի՞րն է՝ ես էլ եմ ուզում հենց դա արթնացնեմ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Բոլոր առաջարկություններն ու խնդիրները մեկ առ մեկ գրանցեցին, վարչապետը խոստացավ, որ որևէ առաջարկ անպատասխան չի մնա լինի: Նաև ասաց՝ շուտով էլի կգա Գյումրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG