Մատչելիության հղումներ

Հայաստանցիները խուսափում են տեղական կամ ներմուծված դեղորայքից


Պատճառը վստահության պակասն է և բարձր գները

Հայաստանում շատերը նախընտրում դեղեր ձեռք բերել արտերկրից՝ խուսափելով օգտվել տեղական կամ ներմուծված դեղորայքից: «Ազատության» հետ զրույցում մարդիկ առավելապես նման պատասխաններ էին տալիս՝ «Միանշանակ նախընտրում եմ դրսից դեղ բերել տալ, քան այստեղից գնել», «Չեմ վստահում այստեղի դեղերին»:

Տեղական կամ նեմուծված դեղորայքը մերժելու հիմնական փաստարկները երկուսն են՝ վստահության պակաս և բարձր գներ: Բժիշկ Հայկ Մանասյանի խոսքով՝ եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, ինչպես նաև հարևան Վրաստանում դեղորայքի շուկան շատ ավելի խիստ է վերահսկվում, քան Հայաստանում։ Հենց դա էլ, ըստ նրա, հանգեցրել է տեղական շուկայի նկատմամբ անվստահությանը։ «Խելոք-խելոք, իրենք իրենց համար դեղերը թանկացրել, հասցրել են եսիմ ուր։ Մարդիկ էլ սուս ու փուս գնում են»,- ասում է Մանասյանն ու ընգծում՝ Հայաստանում դեղորայքի գինը խիստ ուռճացված է, շուկան էլ՝ մոնոպոլիզացված»:

«Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցի մարքետինգի բաժնի ղեկավար Կարեն Թոփուզյանը, սակայն, համաձայն չէ պնդումներին, թե դեղերը Հայաստանում թանկ են ու անորակ։ Արձագանքելով մեղադրանքներին, թե «Նատալի Ֆարմ»-ը կեղծում է դեղերը, Կարեն Թոփուզյանը հայտարարեց՝ անհնար է իրենց դեղատներում կեղծ դեղորայքի վաճառքը։ Ինչ վերաբերում է տեղական արտադրանքին, այդ առնչությամբ նա ասաց՝ «Պետք չի խուսափել այն դեղից, որը Հայաստանում է արտադրվում, որովհետև այդ արտադրանքը ենթարկվում է լաբորատոր քննության»։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով, խնդիրն ինչ-որ տեղ նաև հոգեբանական է, սակայն, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարը չհերքեց, որ Հայաստանում հնարավոր է կեղծված, ոչ պատշաճ որակի, կամ ժամկետանց դեղեր ձեռք բերել: «Վրաստանից ներկրված դեղորայքն ակնհայտ պադելկա է, իսկ ժամկետն անցած դեղորայքը նայած, թե ինչքան է ժամկետն անցել։ Եթե ժամկետն անցել է մեկ, երկու ամիս, վաղենալու ոչինչ չկա»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանարապետությունում դեղագործական ճյուղի զարգացման վրա, առողջապահության նախարարին հանձնարարել էր դեղերի շուկայի վերլուծություն իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG