Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է


ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ
ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։

Ըստ Ղարաբաղի կառավարության պաշտոնական կայքէջի, Հարությունյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին, քննարկել համահայկական նշանակության և Ղարաբաղին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները:

ԼՂ վարչապետը կարևորել է երկու կազմակերպությունների դերը Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում:

Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Ղարաբաղին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:

Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նաև հոգևոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարևորելով նրա այցը Սփյուռքում և ԱՄՆ պետական շրջանակներում Ղարաբաղի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետն իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պետականաշինության, տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման գործընթացները:

Նա ընդգծել է Ղարաբաղի զարգացման և միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG