Մատչելիության հղումներ

«Սիրիական ճգնաժամը մոտ է կարգավորմանը», Մոսկվայում կարծիք է հայտնել Թուրքիայի վարչապետը


Բինալի Յըլդըրըմ և Դմիտրի Մեդվեդև, Մոսկվա, 6-ը դեկտեմբերի, 2016 թ․
Բինալի Յըլդըրըմ և Դմիտրի Մեդվեդև, Մոսկվա, 6-ը դեկտեմբերի, 2016 թ․

Որպես ռուս-թուրքական հարաբերությունների պատմության լուսավոր էջ, Բինալի Յըլդըրըմը նշել է անցած դարի 20-ականների սկզբին Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը թուրքերի ազատագրական շարժմանը:

Ռուս-թուրքական հարաբերությունների բարդ էջը շրջված է, եկող տարի կսկսի գործել Ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը, իսկ 2023-ին կգործարկվի Աքույի ատոմակայանի առաջին բլոկը: Այսօր այս մասին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Յըլդըրըմի՝ Ռուսաստան այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր «Թուրքական հոսք» գազատարի մասին ռուս-թուրքական պայմանագիրը: Հերթն այժմ ռուսական կողմինն է:

Երկօրյա այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետն այսօր առավոտյան ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում, այնուհետև հանդիպել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Օրակարգում է նաև նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մոսկվայում ունեցած իր առաջին ելույթի ժամանակ Յըլդըրըմը հայտարարել է՝ ռուս-թուրքական հարաբերություններն իրենց շուրջ հազարամյա պատմության ընթացքում տարբեր ժամանակներ են ապրել: Որպես այդ պատմության լուսավոր էջ, Թուրքիայի վարչապետը նշել է Մոսկվայում անցած դարի 20-ականների սկզբին Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը թուրքերի ազատագրական շարժմանը։ Խոսքն Աթաթյուրքի ղեկավարած շարժման և 1921 թվականին կնքված Մոսկվայի պայմանագրի մասին է:

Մոսկվայում ընթացող՝ ռուս-թուրքական ներկայիս բանակցությունների առանցքում տնտեսական հարցեր են. թուրքական կողմն ակնկալում է, որ կվերացվի վիզային ռեժիմը Ռուսատսան այցելող Թուրքիայի քաղաքացիների համար: Էներգետիկ համագործակցության առանցքում էլ երկու խոշոր ծրագրերն են՝ Աքույի ատոմակայանի և վերջերս ստորագրված՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը: Վերջինի իրագործումը Ռուսաստանին թույլ կտա գազը հասցնել Եվրոպական շուկա՝ շրջանցնելով Ուկրաինան։

Թուրքիայի վարչապետի այսօրվա ուշագրավ հայտարարություններից մեկն էլ այն էր, թե Ռուսաստանն ու Թուրքիան պետք է «միասին պայքարեն ահաբեկչության դեմ»։ Հիշեցնենք՝ բոլորովին վերջերս Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը պետք է վերջ տա Ասադի ռեժիմին։ Այսօրվա բանակցություններում Մեդվեդևն ու Յըլդըրըմը նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները «նախկին մակարդակին հասցնելու» պատրաստակամություն են հայտնել:

«Մենք իսկապես առևտրային կապերի մեծ ծավալ ունենք։ Մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով այդ ծավալը նվազել է։ Սակայն, մենք այդ ծավալը մեծացնելու, համատեղ խոշոր նախագծեր իրականացնելու հնարավորություն ունենք»,- իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից առաջ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Բինալի Յըլդըրըմն, իր հերթին, հավելել է՝ «Ռուս –թուրքական հարաբերությունները վատ ժամանակներ են ունեցել, սակայն, այսօր ռազմավարական մակարդակով դրանք վերականգնելու մտադրություն ունենք»:

Նշենք, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախկինում հասնում էր շուրջ 40 միլիարդ դոլարի։ Մինչդեռ այս տարի այն դժվար թե գերազանցի 7-8 միլիարդը: Մոսկվան ու Անկարան ավելի վաղ հայտարարել էին, թե ցանկանում են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն իրականացնել ազգային տարադրամներով։

Երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական ստորաբաժանումները թուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական ռազմական օդանավ խոցեցին, դրանից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատացան։ Այդ միջադեպի մասին խոսելիս Թուրքիան վարչապետն այսօր Մոսկվայում կիրառեց «դժբախտ պատահար» արտահայտությունը։

Նշենք, որ ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների օրակարգում է նաև սիրիական ճգնաժամը: Այդ հարցն ավելի ուշ Թուրքիայի վարչապետը քննարկելու է նաև Ռուսաստանի նախագահի հետ։ Մինչ այդ, Մեդվեդևի հետ հանդիպման ավարտին, Յըլդըրըմը հայտարարել է՝ այնպիսի տպավորություն է, որ սիրիական ճգնաժամը մոտ է կարգավորմանը, «քայլերն այդ ուղղությամբ այսուհետ ևս կշարունակվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG