Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արդեն նախկին վարչապետ, սոցիալիստ Մանյուել Վալսը կպայքարի նախագահության համար


Բերնար Կազնյովը և Մանյուել Վալսը, Ալֆորվիլ, 21-ը նոյեմբերի, 2016 թ., արխիվ
Բերնար Կազնյովը և Մանյուել Վալսը, Ալֆորվիլ, 21-ը նոյեմբերի, 2016 թ., արխիվ

2017 թվականի ապրիլին և մայիսին Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքը չափազանց կարևոր է Եվրամիության ապագայի համար:

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հրաժարական է ներկայացրել, քանի որ մտադիր է պայքարել նախագահության թեկնածու ընտրվելու համար: Հանրապետականները ներկուսակցական ընտրությունների՝ «փրայմերիզի» եղանակով արդեն կողմնորոշվել են, նրանց թեկնածուն երբեմնի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է:

Գործող նախագահ, սոցիալիստն Ֆրանսուա Օլանդը, ով աննախադեպ ցածր վարկանիշ՝ ունի, չի առաջադրվի: Սոցիալիստների «փրայմերիզները» տեղի կունենան գալիք տարվա հունվարին: Այսպիսով առաջինն արդեն նախկին վարչապետ Վալսն է, ով հայտնել է ընտրարշավի մեջ ներքաշվելու մտադրության մասին: «Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ, ես ունեմ ներուժ, ես ունեմ երկրիս ծառայելու ցանկություն, դա անելու լիակատար համոզմունք»,- ասել է Մանյուել Վալսը:

Նախագահ Օլանդը ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովին նշանակել է նոր վարչապետ: 53-ամյա Կազնյովը, ով 2014 թվականին է նշանակվել ներքին գործերի նախարար, սոցիալիստների կառավարությունը կղեկավարի մինչև գարնանը կայանալիք ընտրությունները:

Կազնյովն ունի վստահ և կոշտ գործող վարչարարի համբավ, նա է վերահսկել ուժային օղակների աշխատանքը վերջին երկու տարիներին տեղի ունեցած աննախադեպ արյունալի ահաբեկչական գրոհների ընթացքում: Այլևս նախկին վարչապետ Վալսն ասել է, որ ցանկաանւմ է իր քաղաքական կյանքում նոր քայլ անել:

«Եկել է իմ հանձնառությունն առաջ տանելու ժամանակը: Պետական շահի մասին իմ պատկերացումն այն է, որ ես չեմ կարող լինել վարչապետ, եթե նախագահի թեկնածու եմ առաջադրվում: Նախագահի համաձայնությամբ, ես ազատում եմ պաշտոնը»,- ասել է Մանյուել Վալսը: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր կլինեն Վալսի մրցակիցները սոցիալիստների ներկուսակցական ընտրություններում:

Երրորդ ուժը, որը շատ լուրջ հայտ է ներկայացնում՝ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենն է: Վերլուծաբանների համոզմամբ, նա առանց դժվարության կհաղթահարի առաջին փուլը, սակայն, ամենայն հավանականությամբ, երկրորդում կպարտվի հանրապետական Ֆիյոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG