Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ. Ուզբեկստանի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին


Շավքաթ Միրզիjոևը իր աջակիցների հետ հանդիպմանը: Տաշկենտ, 5-ը դեկտեմբերի, 2016 թ․
Շավքաթ Միրզիjոևը իր աջակիցների հետ հանդիպմանը: Տաշկենտ, 5-ը դեկտեմբերի, 2016 թ․

Կենտրոնական Ասիայի խոշորագույն պետություններից մեկը` 30 միլիոն բնակիչ ունեցող Ուզբեկստանը առաջիկա հինգ տարիներին կղեկավարի Շավքաթ Միրզիոևը, ով 13 տարի զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը:

Դեկտեմբերի 4-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց երկուշաբթի օրը: Պաշտոնական տվյալների համաձայն, քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 87 տոկոսը, և նրանց 88 տոկոսը քվեարկել է Միրզիյոևի օգտին:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Քվեարկության մասնակցության նման բարձր ցուցանիշն ինձ համար շատ անսպասելի էր: Ես դա շատ երկար կհիշեմ: Ընտրողների ակտիվությունը վկայում է, որ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ընտրած ուղին ճշմարիտ է: Բացի այդ, դա շատ մեծ պատասխանատվություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր աջակցում են զարգացման քաղաքականությանը, որ մենք ենք որդեգրել», - ասել է Շավքաթ Միրզիյոևը:

Ուզբեկստանի նորընտիր ղեկավարն այս մասին հայտարարել է երկուշաբթի երեկոյան` դիմելով Տաշքենտի ցուցահանդեսային կենտրոնում հավաքված իր կողմնակիցներին:

Կենտրոնական Ասիայի խնդիրներին քաջածանոթ փորձագետների համոզմամբ, նման հանրահավաքի կազմակերպումն արդեն իսկ վկայում է, որ Ուզբեկստանի երկրորդ նախագահը որոշել է փոքր-ինչ ավելի բաց ու թափանցիկ գործելաոճ որդեգրել, քան իր նախորդը: Քարիմովի դարաշրջանին բնորոշ կոշտ մեթոդներից հրաժարվելու մեկ այլ վկայությունն էր ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների առկայությունը: Պաշտոնական Տաշքենտը առաջին անգամ թույլատրեց, որպեսզի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն ամբողջական ֆորմատով դիտարկի նախագահական ընտրությունների ընթացքը` շուրջ 300 դիտորդներ ուղարկելով Ուզբեկստան:

ԵԱՀԿ դիտորդները, սակայն, ուզբեկական ընտրությունների ընթացքից առանձնապես հիացած չէին: Երեկ Տաշքենտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Թեյլերը հայտարարել է․ - «Կենտրոնացված ընտրացուցակների բացակայությունը և հենց քվեարկության օրն ընտրացուցակում ընտրողի անունը զետեղելու հնարավորությունը մի իրավիճակ են ստեղծում, երբ անհնարին է բացառել, որ այս կամ այն ընտրողը միաժամանակ մի քանի ընտրացուցակում ընդգրկված չէ»:

Եվրոպացի դիտորդների դժգոհությունների մյուս մասը վերաբերում էր ընտրարշավի ոչ-մրցակցային բնույթին: Հիշեցնեմ, որ նախագահական ընտրություններում, Շավքաթ Միրզիյոևից բացի, ևս երեք թեկնածու էր առաջադրված: Նրանցից և ոչ մեկը լայն հանրությանը հայտնի չէր: Ավելին, անկախ փորձագետների համոզմամբ, այդ բոլոր թեկնածուները գտնվում էին իշխանությունների լիակատար վերահսկողության տակ, իսկ իրական ընդդիմություն հետխորհրդային տարածքի ամենաավտորիտար պետություններից մեկը համարվող Ուզբեկստանում վաղուց արդեն գոյություն չունի:

«Պետական դերակատարների գերիշխող դիրքը և հիմնարար ազատությունների սահմանափակումները խարխլեցին բազմակարծության հիմքերը` զրկելով քարոզարշավը մրցակցային բնույթից: Լրատվամիջոցներն այս ընտրարշավը լուսաբանում էին խստորեն վերահսկվող և արգելքներով լեցուն միջավայրում: Պետության կողմից առաջ քաշվող մոտեցումների գերակայությունը քվեարկողներին զրկեց նաև այլընտրանքային տեսակետներին ծանոթանալու հնարավորությունից», - հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը:

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին երկրի երկարամյա միանձնյա ղեկավար Իսլամ Քարիմովի մահից հետո: Շավքաթ Միրզիյոևը նախագահի պարտականությունները ստանձնեց Քարիմովի մահից հաշված օրեր անց` սեպտեմբերի 9-ին: Միրզիյոևը 59 տարեկան է, նա Ուզբեկստանի ամենափորձառու պաշտոնյաներից մեկն է: Նրա վերելքը դեպի բարձրագույն իշխանություն սկիզբ է առել 90-ականներին Տաշքենտում, որտեղ նա ղեկավարում էր քաղաքի վարչական շրջաններից մեկը: Հետագայում Միրզիյոևը ղեկավարել է Սամարղանդի և Զիզակի մարզային վարչակազմերը, իսկ 2003 թվականին նշանակվել է Ուզբեկստանի վարչապետ` այդ պաշտոնում մնալով ավելի քան 13 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG