Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ Բանանի գինը մանրածախ շուկայում վերջին օրերին շուրջ 200 դրամով նվազել է


Բանանի գինը մանրածախ շուկայում վերջին օրերին շուրջ 200 դրամով նվազել է՝ պայմանավորված շուկայում մրցակցային միջավայրի ձևավորմամբ, «Ազատության» հարցման ի պատասխան հայտարարում է Պետական եկամուտների կոմիտեն։

Բանանի շուկայի 73 տոկոսը զբաղեցնող ընկերության՝ «Քեթրին գրուպ»-ի գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն «Ազատության» հետ հեռախոսազրույցում պնդեց, թե Հայաստանում բանանի գինը այժմ 700 դրամից ցածր է։

Սակայն «Ազատության» շրջայցը Երևանի մի քանի սուպերամարկետներում և բանջարեղենի խանութներում ցույց տվեց, որ այս պահին բանանը Երևանում 760-900 դրամ արժե:

Մերինոն վստահեցնում է՝ իրենք որևէ այլ ներկրողի համար խոչընդոտներ չեն ստեղծում։

«Ես շատ լավ գիտեմ, որ մենք բանանի հիմնական ներկրողն ենք։ Իհարկե, մենք մրցակցում ենք։ Որքան մեծ լինի շուկայում մեր մասնաբաժինը, այնքան ավելի լավ։ Բայց ուզում եմ հստակեցնել, որ մենք որևէ առանձնահատուկ բան դրա համար չենք անում։ Պարզապես մենք ուզում ենք մատուցել ավելի լավ ծառայություն, ավելի լավ գներով։ Եթե դրանով մենք անհանգստացնում ենք մեր մրցակիցներին, դրա համար միայն ուրախ ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ընկերության իտալացի տնօրենն ասաց՝ առաջին անգամ մեզնից է լսում, որ բանան ներկրողը խոչընդոտների է հանդիպել Հայաստանում:

Հիշեցնենք, ՊԵԿ-ը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր, թե տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել էր սահմանը, սակայն, կոմիտեն տեղեկություն էր ստացել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Թեև ՊԵԿ-ի հայտարարությունում ասվում էր, որ խնդիրը լուծվել է, սակայն այդպես էլ անպատասխան մնաց հարցը, թե ովքեր են փորձել խոչընդոտել տնտեսվարողին:

«Ես դա չգիտեի։ Ես Հայաստանում չեմ և չեմ կարող մեկնաբանել դա, որովհետև առաջին անգամ ձեզնից եմ լսում այդ մասին», - ասաց Մերինոն։

Նա նաև վստահեցրեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն այժմ Քեթրին գրուպում որևէ դեր չունի։

Նշենք, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը ֆինասավորում է «Քեթրին» հասարակական կազմակերպությանը, որի նախագահը հենց Միհրան Պողոսյանն է։ Պանամյան օֆշորային փաստաթղթերի հրապարակումից հետո Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել ու վերջերս էլ լրագրողների հետ զրույցում պնդեց, թե բանանի ներկրման հետ որևէ կապ չունի:

Երկրում մոնոպոլիայի վերացմանն ուղղված նոր կառավարության գործունեությունը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի շտապում գնահատել, բայց կասկածներ ունի, որ այդ ամենը կարող է նաև շոու լինել․ - «Կարող է ստացվի, որ 2-3 ներմուծող լինի ընդամենը, էդ ձև կիսվի: Եթե մենք դատենք տնտեսության կենտրոնացվածության մասին, պաշտոնական տվյալներով, փոքր ու միջինի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 28 տոկոսից իջել է 23 տոկոսի, և շարունակում է իջնել: Այդ վերլուծությունը չի ընդգրկում 2016 թվականը, դրա համար ես վաղ եմ համարում այդ մասին դատողություններ անել: Ամենահիմնական ցուցանիշը տնտեսության փոքր ու միջին ձեռնարկությունների տեսակարար կշռի բարձրացումն է: Նման բան ես դեռ չգիտեմ: Ես չգիտեմ, թե ինչպես է եղել 2016-ին․․․ Հստակ միտումներ չենք տեսել: Ի վերջո, այդ ամենը կարող է և լուրջ է, իսկ կարող է նաև պարզապես շոու է»:

Նոր ներկրողների համար խոչընդոտներ, ըստ Բագրատյանի, դեռ ստեղծվում են։ Հենց 3 օր առաջ է իրեն մի քաղաքացի դիմել, ով մաքսային խոչընդոտների է հանդիպել։ Դեպքի մասին ավելի մանրամասն պատգամավորը խոստացավ հայտարարությամբ հանդես գալ։

«Ինձ տեղեկացրել են, որ շաքարավազի կամ բանանի մասով այլևս կան մեկից ավելի ներմուծողներ: Ինչքանով է այդ պրոցեսը լուրջ՝ չեմ կարող ասել: Արդյո՞ք դա կավարտվի ազատականացմանբ թե օլիգոպոլացմամբ՝ չգիտեմ: Ընդամենը խոսքը մեկ-երկու ամսվա միտումների մասին է, կամ մի քանի դեպքի մասին: Մենք դեռ չունենք բավականաչափ դեպքեր, որպեսզի կարողանանք օրինաչափությունից խոսել», - ասաց Բագրատյանը:

XS
SM
MD
LG